Չենք կարող առանց ազգային արժեքների ազգ ներկայացնել: Եթե կորցնենք այն ամենն ինչ ունենք, ապա աշխարհին ցուցադրելու բան այլևս չենք ունենք: Ազգային արժեքների վերհանման և ներկայացման խնդիրների մասին Yerevannews.am-ի թղթակիցը զրուցեց երգչուհի Աիդա Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ, իսկապես, կանգնած ենք վտանգի առջև և կգա մի ժամանակ, որ այլևս ասելիք չենք ունենա:

«Այսօր մեր երգացանկը ողողված է արևելյան, արևմտյան մելիզմներով։ Մենք այսպես լրիվ կորցնում ենք մեր դեմքն ու դիմագիծը։ Երիտասարդները հիմա ավելի շատ ակումբային երաժշտությամբ են տարված և ավելի շատ գնահատվում են մեկ օրվա կյանք ունեցող երգերը։ Այսօր բազմաթիվ երաժշտական մրցույթներ են անցկացվում, որտեղ մեծամասնությունը կատարում են շատ լավ անգլերեն երգեր, բայց երբ սկսում են երգել ազգային երգերը, ապա պատկերը՝ այլ է»,-ասաց Աիդա Սարգսյանը:

Երգչուհին նշեց, որ ազգային մշակույթը պահպանելու ուղղությամբ քայլեր չեն արվում: «Շատ «տկլոր» վիճակում է ազգային երգարվեստը։ Պահպանելու հարցում, ազգային արվեստը հսկայական օգնության կարիք ունի։ Չկան համապատասխան մարմիններ, ովքեր հետաքրքրված են ազգային մշակույթի պահպանությամբ»,-նշեց երգչուհին և հավելեց, որ անհրաժեշտ են համապատասխան ռեսուրսներ, իսկ ովքեր, որ ունեն նման ռեսուրսներ՝ նրանց չի հետաքրքրում ազգային մշակույթի պահպանման խնդիրը։

«Ես էլ իմ պահոցում ունեմ շատ գեղեցիկ ազգային ստեղծագործություններ, բայց հասկանալի պատճառներով չեմ կարողանում կյանքի կոչել։ Կան անհատներ, որ փորձում են որոշակի աշխատանքներ տանել ազգային մշակույթը պահպանելու գործում, բայց աջակցություն չկա։ Չկա մի հովանավոր, որ գա ու ասի. «ես պատրաստ եմ վճարել հանուն ազգային արժեքների»»,-ասաց երգչուհի Աիդա Սարգսյանը։

Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը