Յուրաքանչյուր գիտակից անձ պետք է իմանա, թե որտեղից է գալիս իր ազգի երաժշտությունը և ուր է այն գնում: Կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագամբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանն այն կարծիքին է, որ պետք չէ եզրափակվել միայն ազգային երաժշտությամբ: Ըստ նրա՝ նոր սերունդը ազգայինի հետ միասին պետք է իմանա նաև համաշխարհային երաժշտությունը:
«Նոր սերունդը չի կարող տեղեկացված չլինել ազգային երաժշտության մասին: Մենք ապրում ենք Հայաստանում և ծնված օրվանից լսում ենք այդ երաժշտությունը, բայց մեր երաժշտությունը սկսել է փոխարինվել ռաբիսի»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Երզնկյանը:
Կոմպոզիտորն այն կարծիքին չէ, որ հասարակությունը կտրված է ազգային երաժշտությունից:
«Հարկավոր է այնպես անել, որ այն երիտասարդները, ովքեր այսօր լսում են ամեն ինչ, նրանց էլ հետաքրքրի ազգայինը, այսինքն հարկավոր է մտածել նոր մոտեցման մասին: Ես կարծում եմ, որ ինչ-որ բաներ արվում են, վիճակն այնքան վատ չէ, ինչքան խոսում են դրա մասին»,-ասաց դիրիժոր, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը:
Հայկական ազգային երաժշտական ժառանգությունը պահպանելու հարցում մեր երկրում աշխատանքներ չեն իրականցվել: Ըստ Երզնկյանի՝ մեր երկրում, առհասարակ, ազգային մշակույթը պահպանելու ուղղությամբ ոչիչ չի արվել:
«Ես ասել եմ և ասում եմ, որ հարկավոր է ունենալ ազգային ծրագիր, որը մինչև հիմա չի ստեղծվում: Ամեն մեկն իր տեղում փորձում է ինչ-որ բան անել: Ես տեսնում եմ Մշակույթի նախարարության թերացումը, բայց միայն նախարարությունը ոչինչ չի կարող անել: Հարկավոր է, որ «վերջից» հրահանգ լինի, որպեսզի մշակվի ազգային մշակութային քաղաքականություն, ծրագիր»,-ասում է Երզնկյանը:
Խոսելով արևմուտքի մելիզմների և երգարվեստի օտարամոլության մասին՝ Երվանդ Երզնկյանն ասաց.
«Օտարամոլությունը բոլոր երկրներում էլ կա, բայց եթե ապրում ենք 21-րդ դարում, ապա այդ ամենը պետք է չափավոր օգտագործել: Մեզ մոտ ինքնուսներն այնքան շատ են, որ դա արդեն մեզ համար դառնում է չարիք: Բայց ինձ համար ամենացավալին ու վատն այն է, որ մեր ներկայիս երաժշտությունը գալիս է Թուրքիայից»:
Պատրաստեց՝ Անի Բաղդասարյանը