Ինչպես արդեն տեղեկացրել էինք` հունիսի 7-ին Ալավերդիում տեղի կունենան քաղաքապետի հերթական ընտրությունները:

Ըստ տեղեկությունների՝ Կարեն Փարեմուզյանն իր թեկնածությունն առաջադրել է մարզպետի հրամանով, ում հետ ունի շատ ջերմ հարաբերություններ: Բազմաթիվ լուրեր են պտտվում նրանց մտերմության շուրջ՝ սկսած  Արթուր Նալբանդյանը մեկ անգամ չէ, որ «փրկիչ» է դարձել թեկնածուի համար և հիմա էլ առաջադրելով վերջինիս թեկնածությունը հարթում է և՛ իր հանգիստ ապագան, և՛ նրա:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ալավերդում ներքին խուճապ է և արտաքին լռություն: Բոլոր նրանք, ովքեր պետական աշխատողներ են, կանգնած են փաստի առջև: Փարեմուզյանին առաջադրել է «Հանրապետական» կուսակցությունը՝ այսինքն մարզպետը, ով գործում է, և ճնշումները պետական աշխատողների վրա շարունակվում են:

Քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանը հարցերից խուսափելու և բացատրություն տալու լավագույն միջոցը համարում է լռությունը, հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին՝ տալով ո՛չ հստակ, ո՛չ առողջ շարադրված արդարացումներ: Ե՛վ լավագույն լուծումը, և՛ լավագույն պատասխանը համարում է «Ոչ մեկից չեմ վախենում ու ինտեռվյու էլ չեմ տալիս» արտահայտությունը: Իսկ, թե ինչպես կարելի է լրագրողներից այսպես ծածուկ պահել նախընտրական գործընթացները և որն է պատճառը, թեկնածուն պատասխանում է, որ պատճառը շտաբի որոշումն է և ինչ պետք է կա մեր բուկլետներում և «Մարզպետարանի ժամ» թերթում և հավելեց, որ այլ լրատվամիջոցների չի պատրաստվում հարցազրույց տալ: 

Ցավալիորեն, այսօր լրատվամիջոցների ու համապատասխան մարմինների վերահսկողությունից դուրս են մնում Հայաստանի հեռավոր քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունները՝ ընտրություններից մինչ անօրինականություն:

Եվ կան գործիչներ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի  կայանալիք ընտրությունները դուրս մնան լրագրողների ուշադրությունից։ Երևի  նման կերպ կարող են ավելի հեշտ իրականացնել այն, ինչ ուզում են՝ վտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ապագան:

Հիշեցնենք, որ Ալավերդիում  տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու` Արթուր Աբգարյանը և Կարեն Փարեմուզյանը։ Երկուսն էլ անկուսակցական են։ Փարեմուզյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, իսկ Աբգարյանն` ինքնաառաջադրած է։