ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում օրերս վերընտրված Զեպ Բլատտերը հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից , հայտնում է The Guardian-ը:

«Ես երկար տարիներ ամբողջովին կապված եմ եղել ՖԻՖԱ-ի և այս հիասքանչ մարզաձևի՝ ֆուտբոլի հետ: Ես ՖԻՖԱ-ն սիրում եմ ավելի, քան մնացած ցանկացած բան, և ցանկանում եմ միայն լավը անել ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի համար:

Ես ցանկացա նորից առաջադրվել նախագահի պաշտոնում, քանի որ կարծում էի՝ դա լավագույն տարբերակն էր: Ես վերընտրվեցի, բայց ֆուտբոլի աշխարհում բոլորը չէ, որ դրան իրենց աջակցությունը ցուցաբերեցին: Ես խոսում եմ ակումբների, ֆուտբոլիստների և մյուսների մասին, ովքեր անձնապես ոգեշնչում են ֆուտբոլը:

Այդ իսկ պատճառով ես արտահերթ նիստ կգումարեմ, որի ժամանակ հրաժարական կտամ, այնուհետև կընտրվի նոր նախագահը: Մինչև նոր ընտրությունների անցկացումը ես կկատարեմ իմ պարավորությունները։

Նախատեսված հաջորդ կոնգրեսը կանցկացվի 2016 թվականի մայիսին՝ Մեքսիկայում, բայց մենք չենք կարող այդքան սպասել: Այդ իսկ պատճառով ես ՖԻՖԱ-ի գործկոմին կխնդրեմ հնարավորինս արագ արտահերթ նիստ գումարել»,- իր հայտարարության մեջ ասել է Բլատերը:

Հիշեցնենք՝ Բլատերը  ՖԻՖԱ-ն գլխավորում է 1998 թվականից, իսկ բոլորովին վերջերս  վերընտրվել էր  այդ պաշտոնում: