«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվում էր ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակը: Հիմնական զեկուցողն Արփինե Հովհաննիսյանն էր, հարակից զեկուցողը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ստանում են վնասվածք, խեղում, կամ դրանց հետևանքով ծագում է ինչ-որ հիվանդություն, որն ունի արտասահմանում բուժման կարիք, այդ բուժման ծախսերը, այս օրենքն ընդունելուց հետո, ամբողջությամբ կհոգա պետությունը: Խոսքը, սակայն, չի վերաբերում նրան, երբ այդ վնասվածքը կամ հիվանդությունն առաջացել է զինծառայողների կողմից կանխամտածված օրինազանցության հետևանքով:

Հարակից զեկուցող Արա Նազարյա նի կարծիքով, այս օրենքի ընդունումն առաջնագծում ծառայող և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների համար բարոյահոգեբանական տեսանկյունից կարևոր նշանակություն կունենա: «Ասեմ, որ պաշտպանության նախարարությունը մինչև օրս էլ իր հնարավորությունների շրջանակում, անգամ տարբեր բարեգործական դոնորների և այլ կազմակերպությունների միջոցով նման գործընթացներ կազմակերպում է»,-ասաց նա: Նախագիծը դրվեց քվեարկության ու դրական եզրակացությամբ մտավ ԱԺ օրակարգ և կքննարկվի առաջիկա քառօրյա նիստում: Օրենքն ուժի մեջ կմտնի, սակայն, 2016 թվականին:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: