Համացանցում պատահաբար աչքովս ընկան մի քանի նյութեր, որտեղ նշված էր, որ ամենահարուստը Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանն է: Ու անմիջապես աչքիս առաջ եկան մշտապես հոգսով, անգործությունով տառապող Լոռվա ժողովուրդը:
Դատելով մարզպետի անսպառ ունեցվածքից, գոնե մխիթարություն կլիներ այն, որ Լոռվա մարզն էլ մնացած մարզերին գերազանցեր իր բարձր ծնելիությամբ, բարձր սոցիալական վիճակով, աշխատատեղերի գերազանցությամբ և հնարավորինս պասիվ լիներ արտագաղթը:
Բայց իրականությունը խոսում է այլ պատկերի մասին: Լոռու մարզում գնալով երիտասարդների հոսքը արտերկիր մեծանում է, ինչը խոսում է մարզպետի «ակտիվ քաղաքականության» մասին: Ու զարմանալի չէ, որ ծնելիությունը գտնվում է ցածր ցուցանիշների վրա, սոցիալապես անապահով են բնակիչները, ըստ բնակիչների անգամ բնակարանների գնային անկում է նկատվում Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում: Իսկ ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում՝ ամբողջովին չեն ասֆալտապատվում, այլ աչք են փակում հայտնի միջոցով՝ տեղ-տեղ «կարկատելով»: Դե, իհարկե, հարուստ կլինի Լոռվա մարզպետը:
Եվ ուշագրավ էր նաև այն փաստը, որ լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ տարիներ առաջ ևս, մարզպետն ինչպես ուզում էր՝ այդպես էր անում՝ հաշվի չնստելով հասարակության կարծիքի հետ, ուշադրություն չդարձնելով լրագրողների պոռթկումներին՝ հորդորելով, որ թերթերի գրածներին պետք չէ հավատալ, ինքն «օգնելու է» այն համայնքապետերին, ովքեր վայելում են ժողովրդի վստահությունը: Մնում է պարզել, թե մարզպետն ինչ անհայտ սարք ունի, որով կարելի է «վստահությունը» չափել, չէ որ իշխանության ցանկություններն ու ժողովրդի ցանկություններն էականորեն տարբեր են, ինչպես «վստահությունները»:
Եվ կարելի է մարզպետին պարզապես հորդորել, որ հարստությունդ ու դիրքդ ինքնավստահ օգտագործելուդ փոխարեն, շարժիր խիղճդ և բարեկեցիկ կյանք ապահովիր քաղաքացուդ. դա ավելի մեծ հպարտանալու առիթ է, քան հարստությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ YerevanNews.am-ը անդրադարձ էր կատարել
ամենահարուստ մարզպետներին: