Օրերս ՀԷՑ-ի թնջուքային գործում դեպի հանգուցալուծում ևս մեկ քայլ կատարվեց. տեղի ունեցավ ՀՀԿ մեծամասնություն-Բիբին հանդիպումը: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ հանդիպումը կրել է ագրեսիվ բնույթ. հնչել են գոռոցներ, ծեծ-ջարդ, հայհոյանք...ափսոս որոշների մտքում միայն: 

Խոսվում է նաև, որ մեծարգո պարոն Նազարյանը կորցրել է ինքնատիրապետումը և «անկյուն քշել» հարգարժան պարոն Բիբինին: ՀԷՑ-ի ճոխ ծախսերի մասին բոլոր փաստարկներին Բիբինը ներկայացրել է հակափաստարկներ, իսկ ինչ վերաբերում է ՀԷՑ-ի «լեքսուսներին», ապա նա չի մոռացել նշել հայ պաշտոնյաների ունեցած «լեքսուսները»: 

Ինչևէ. զրույցը թեժ է եղել, թե բեմադրված...անցել է խաղաղ մթնոլորտում, թե իսկապես եղել են վիճաբանություններ, այդ մասին կարող ենք դատել միայն առկա խոսակցությունների հիման վրա: 

Շուտով, շատ շուտով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրով մտահոգ, հայ մարդու օրվա խնդիրները կիսող և ըմբռնող միլոնատեր Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, կկայացնի իր որոշումը: 

Այս պատմության մեջ մյուս գլխավոր դերակատար, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որի մասին կարծես մոռացել էինք, այսօր՝ հունիսի 4-ին, նախքան լրագրողի դեմքին թանկարժեք ծառայողական մեքենայի դուռը «շխկցնելը» հասցրեց հայտնել, որ ՀՀԿ-Բիբին հանդիպման ժամանակ քննարկվել է «ընդհանուր իրավիճակը»...

Ուշագրավն այն է, որ «ֆիլմի գլխավոր դերակատարները» ամեն կերպ խուսափում են այս թեմայի մասին խոսելուց, այն դեպքում, երբ հայաստանցիների համար այսօր սա թիվ մեկ խնդիրն է...