Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, «Նաիրիտ»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի վճարման պահանջով կրկին կառավարության դիմաց էին։
Ավելի ուշ ցուցարարները տեղափոխվեցին կառավարության շենքի դիմացից դեպի Տիգրան Մեծ փողոց՝ փակելով ճանապարհը։
Ցուցարարների մի մասը նստած էր գետնին, սակայն այնուամենայնիվ համաձայնեցին ճանապարհը բացել` տալով մի որոշ ժամանակ աշխատավարձերը վճարելու համար։
Իսկ եթե այս անգամ էլ խոստումը չկատարվի, ապա երեքշաբթի օրվանից նրանք կսկսեն անժամկետ նստացույց։
Եվս մեկ անգամ բարկացած ժողովուրդն արժանացավ կառավարության արհամարհանքին: Ոչ մի պաշտոնյա դուրս չեկավ, որ խոսի հետները, հաշվի նստի այդ մարդկանց հետ, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքն են պահանջում:
Լսվեցին բազմաթիվ բացականչություններ... ամո՜թ, խաբեբա՜... բայց դրանից, վստահ եմ, չընկավ ներսում փակվածներից որևէ մեկի ուսադիրը, ոչ էլ շարժվեց խիղճը, այլապես, ժամեր շարունակ արևի տակ կանգնած հասարակությանը ձեռք կմեկնեին:
Նաիրիտցիների մեջ ևս փոքրիկ վեճ եղավ, փոքրիկ պառակտում: Եվ ուշագրավ էր հատկապես նաիրիտցիներին առաջնորդող մի խելացի կնոջ արցունքները, որում վիրավորանք կար, որ այս վիճակից ժողովուրդը անգամ լարվում է իրար հանդեպ:


