Ոչ միայն նրա համար, որ ընդդիմադիր դաշտի հիմնական ուժերը կասկածում են ՕԵԿ-ի անկեղծությանը, իսկ նրանցից շատերը հայտարարել են, որ այդ կուսակցության և նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ նույնիսկ մատաղ ուտելու չեն գնա:
Քաղաքական լայն կոնսոլիդացիայի վերաբերյալ ՕԵԿ-ի առաջարկը արտախորհրդարանական «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համար անընդունելի է:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն էլ ասել է, թե «Որտեղ Արթուր Բաղդասարյանն ու Օեկ-ը կլինի, մեր կուսակցությունն ու ես անելիք չունենք»: Բայց այս ամենը թողնենք մի կողմ: Ճամբարափոխության մեծ փորձ ունեցող ՕԵԿ-ի հանդեպ ընդդիմադիր դաշտի կոշտ վերաբերմունքը հասկանալի է:

Անհասկանալի է, սակայն, ՕԵԿ-ի մարտնչող անազնվությունը: Թերթերից մեկին տված հարցազրույցում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համառորեն պնդել է, թե «Հ3» հեռուստաալիքը ՕԵԿ-ինը չէ և իրենց հետ որևէ կապ չունի: Ու այդպես էլ անկապ ամեն օր պրոպագանդում է ՕԵԿ-ին ու նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանին: Եթե կապ չունեն, ապա ինչո՞ւ էին ՕԵԿ պատգամավորները ամիսներ առաջ ձեռնամարտի մեջ մտել գյուղակադեմիայի հետ, «Հ3»-ի վիճելի տարածքի հարցով:
ՕԵԿ պատգամավորը ամենայն հավանականությամբ հիշողության հետ կապված խնդիրներ ունի. խոսելով 50-ից ավելի կազմակերպությունների հետ իրենց ստեղծած լայն կոնսոլիդացիայի մասին, հազիվ կարողանում է հիշել 2-ի անունը: Մյուսներինը չի հիշում, քանի որ «անուններն էնքա՜ն բազմազան են»: Բազմազան են նաև կուսակցությանը հարող «հազարից ավելի ականավոր քաղաքական ու մշակութային գործիչները», որոնցից Հովհաննես Մարգարյանը հիշում է միայն մեկի մասնագիտությունը՝ «ՀՀ թիվ մեկ թոքաբանը»:

Կուսակցության ռազմավարական ու մարտավարական զինանոցում էլ, ելնելով ՕԵԿ պատգամավորի հարցազրույցից, առանձնապես բան չկա. հոսանքի թանկացում, կարմիր գծեր, արագաչափեր, տեսանկարահանող սարքեր… Նորից հին երգը, նորից հին պոպուլիզմը:

Արմատական ընդդիմադիրները, համենայն դեպս, վստահ են, որ ՕԵԿ-ը երբեք որևէ անբարոյական քայլ չի անի նախագահի իշխանության հանդեպ, դրա համար էլ լուրջ չեն վերաբերվում ընդդիմադիր դաշտ մտնելու նրա հայտին:

Հ.Գ. Ոմանք կարծում են, թե լավ ճաշակ ունեն, մինչդեռ իրականում ունեն ընդամենը լավ ախորժակ: Դրա համար պետք է ընտրել ոչ թե նրանց, ովքեր ցանկանում են, այլ նրանց, ովքեր ունակ են:

Տիգրանուհի Դավթյան