Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ամփոփեց 2014-2015 թթ. ժամանակահատվածը, իր պաշտոնավարման մեկ տարին: Նա ընդգծեց, որ Պոլիտեխնիկը հաջողություններ է արձանագրել բոլոր բնագավառներում:

Թոքմաջյանը անդրադարձավ նաև լայն տարածում գտած վիրտուալ սկանդալի մասին: Նա ներկայացրեց փորձաքննություն անցած կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է տարբեր սրճարաններից մուտք գործվել իր ֆեյսբուքյան էջ և կազմվել այդ սկանդալային նամակագրությունը: Նա մասնավորապես ասաց.

««Սոլո» սրճարանից կեսօրվա ժամերին մուտք են կատարել իմ ֆեյսբուքյան անձնական էջ, դրանից հետո կատարվել է հայտնի վիրտուալ սկանդալի տեքստը: 05.09.2014 թվականին գիշերը նույնպես մուտք է եղել իմ ֆեյսբուքյան անձնական էջ: Այսօր ամեն մեկը տեսնում է այն, ինչ տեսնում է: Ես անուններ չեմ տալիս, սրանք փորձաքննություն անցած նյութեր են»:

Հիշեցնենք նաև, որ հիմնական սկանդալը նրանում էր, թե, իբր Թոքմաջյանն ու իր սիրուհին, ով նույն բուհի դասախոս է, անպարկեշտ համակարգչային նամակագրություն էին ունեցել, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ են եղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հասցեին:

«Նրանք չեն ընտրել հարյուրավոր կանանցից նրան, ով կարող էր պոտենցիալ կապ ունենալ ինձ հետ, այլ ընտրել են նրան, ով չէր կարող ինձ հետ կապ ունենալ, քանի որ ծնվել է մեր ընտանիքում, եղել է իմ 59 տարվա ընկերոջ դուստրը»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր ընտրվել հենց այդ կինը: