Այսօր արդեն անդրադարձել ենք Ալավերդի քաղաքում տեղի ունեցող ընտրություններին և դրանց ընթացքում արձանագրված մի շարք խախտումներին: Այժմ արդեն ֆիքսվել է ևս մեկ տեսակի ընտրախախտման տարբերակ:
Կենսաչափական անձնագրերի ներմուծումն ի սկզբանե նպատակ է ունեցել ավելի հեշտացնել անձի տվյալների հետ կապված ցանկացած գործընթաց: Սակայն այսօր պարզ է դառնում, որ դրանք կարող են ծառայել նաև որպես ընտրախախտման բավականին արդյունավետ գործիքներ:
Խնդիրը կայանում է նրանում, որ քվեարկությունից հետո տվյալ քաղաքացու անձնագրում, որպես քվեարկության մասնակցության ապացույց, ֆիքսվում է համապատասխան կնիքը: Սակայն կենսաչափական պլաստիկ անձնագրերը հնարավորություն չեն տալիս տեղադրել նման կնիք, իսկ սա պարարտ հող է նախապատրաստում ընտրակեղծիքների համար:
Որոշ ընտրողներ փորձում են, օգտվելով առիթից, քվեարկել երկրորդ, երրորդ անգամներ: Սա, բնականաբար, լուրջ հարված է արդար ընտրությունների անցկացման համար:
Ըստ էության, նրանք, ովքեր վստահ չեն իրենց արդար հաղթանակի մեջ, փորձում հասնել իրենց նպատակներին զարտուղի և անարդար ճանապարհով: Սա ևս մեկ լուրջ ազդակ է ընտրական հանձանաժողովների և նրանց անդամների համար՝ ավելի ևս ուշադիր լինելու և ամեն ջանք գործադրելու, որպեսզի հնարավոր լինի կանխել նման հակաօրինական քայլերը: