Ժողովուրդ թերթն անդրադարձել է մարտի 19-ին` ժամը 2:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ավտովթարի դեպքին, որի ժամանակ մահացել էր Սուրենավանի գյուղապետ 51-ամյա Վարդգես Ղազարյանը:

Գյուղապետն իր ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Թերթի թղթակիցն այցելել է Սուրենավան, որտեղ գյուղապետի մահվան հետ կապված այլ պատմություն են ներկայացրել: Սուրենավանի բնակիչները հայտնել են, որ գյուղապետի մահվան հետ կապված լուրջ տեղեկություններ ունեն:

Գյուղացիներից մեկը մասնավորապես ասել է. «Եթե Դուք տեսնեք էդ տեղանքը, որտեղ ինքը ավտովթարի է ենթարկվել, ամեն ինչ անհավանական կթվա: Շատ հավանական է նաև, որ իր դեմը կտրած լինեն, որովհետև զապրավկից որ դուրս ես գալիս, մի կտրած բորդյուր կար ու նենց տպավորություն է, որ դիտավորյալ է էդ ամեն ինչը արվել»:

Իսկ գյուղապետի եղբայրը` Վազգեն Ղազարյանը, թղթակցին ասել է հետևյալը. «Մի քանի լկտի լակոտներ կան, որ իր տեղի համար պայքարում են»:

Վ.Ղազարյանը նաև նշել է, որ վթարի վայրի մոտ գազալցակայան կա, որի աշխատողներն ասել են, թե իր եղբոր դեմը «կտրել» է մի սև մեքենա. «Բայց համարը չեն ասում, մայրուղուց գալիս շատ արագ դեմը կտրել են, ինքն էլ որ փախցնի, շուռ է եկել»,- հավելել է գյուղապետի եղբայրը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթը տեղեկացել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: