Օրերս «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, տասնյակից ավել կուսակցությունների ու հինգ տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ, հայտարարեց նոր՝ «Հայկական վերածնունդ» կոչվող հասարակական-քաղաքական միավորում ստեղծելու մասին։

Ինչպես պնդում է պարոն Բաղդասարյանը՝ երկիրը հայտնվել է ճգնաժամանյին իրավիճակում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համախմբել «ապագայով մտահոգ ազնիվ ու արդար ուժերին»:

Արթուր Բաղդասարյանի այս արտահայտությունը բանական մարդու մոտ առնվազն ծիծաղ կարող է առաջացնել: Պարոն Բաղդասարյանը երևի վատ հիշողություն ունի, քանի որ Հայաստանում առկա «ճգնաժամի» համար պատասխանատվություն է կրում նաև հենց ինքը՝ «ՕԵԿ»-ի առաջնորդը: Եվ ընդհանրապես, նրան կարելի բնորոշել որպես Հայաստանի ամբողջ քաղաքական պատմության մեջ «ամենաչկողմնորոշված» գործիչ: Չէ որ, հենց նա և իր կուսակցությունն է թաշկինակի պես փոխում քաղաքական կողմորոշումը՝ մի դաշտից տեղափոխվելով մյուսը:

Նույնիսկ երբեմն ժողովրդի համար դժվար է լինում կողմնորոշվել, թե տվյալ պահին ում կողմից է խաղում Բաղդասարյանը: Բաղդասարյանի «ոչ սթափ» վարքագիծը իրեն և «ՕԵԿ»-ին տարան դեպի հեղինակազրկում: Դժվար թե, գտնվի մարդ, ով Բաղդասարյանին համարի լուրջ քաղաքական գործիչ...

Ինչ ճանապարհ է անցել Արթուր Բաղդասարյանը...

1997թ. հիմնադրել է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Դրանից հետո Բաղդասարյանը զբաղեցրել է բազմատեսակ պաշտոններ. 1998-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2006թ. մայիսի 29-ին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, 2006-2007թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար, 2007թ. նոյեմբերին առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու և ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը, 2008թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2014թ. ապրիլին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Պարոն Բաղդասարյանը իսկապես չի կողմնորոշվել...որքան անգամ նա դիմադիրից դարձավ ընդդիմադիր և հակառակը:

Արթուր Բաղդասարյանի վերջին հայտարարությունից հետևում է, որ նա կրկին պատրաստ է լծվել հայոց ազգը կործանումից «փրկելու» ծանր գործին: Իսկ իրականում, արդեն հեղինակազրկված քաղաքական գործիչը ուղղակի խուսափում է խեղդվելուց: