Սիրիայի՝ հիմնականում քրդերով բնակեցված հյուսիսարևելյան ալ-Հասաքա նահանգի վարչական կենտրոնը հանդիսացող համանուն քաղաքի մոտակայքում վերջին օրերին ակտիվացած ռազմական գործողությունների ընթացքում սիրիական բանակային ստորաբաժանումներին և նրանց հարող ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է հետ մղել «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալներին՝ հակամարտ կողմերի միջև եղած սահմանագիծը հեռացնելով քաղաքից 22կմ-ով:
ԻՊ-ի դեմ արձանագրած սիրիական բանակի այս վերջին հաջողությունը կարելի է պայմանավորել մի քանի հանգամանքով: Նախ, Սիրիայի քրդաբնակ բնակավայրերի նկատմամբ իսլամականների հավակնությունները մշտապես խոչընդոտվել են նաև միջազգային ռազմական կոալիցիայի կողմից, որի օդուժը վերջին մի քանի օրերի ընթացքում ակտիվորեն հրթիռակոծում էր ԻՊ-ի դիրքերը՝ զգալի վնաս հասցնելով վերջինին՝ մարդկային և ռազմատեխնիկայի առումով:
Ալ-Հասաքայում ԻՊ-ի անհաջողության հաջորդ պատճառն այն էր, որ կառույցը ստիպված է իր ռազմական ներուժի մի զգալի մասը տեղափոխել հարևան Իրաքի ալ-Անբար նահանգ և Մոսուլ քաղաք՝ այնտեղ ակնկալվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում սեփական դիրքերը պաշտպանելու նպատակով:
Կցված տեսանյութը մի հատված է՝ ալ-Հասաքայում սիրիական բանակի և ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի արձանագրած հաջողություններից:
Արմեն Պետրոսյան