ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդների շրջանում վերջին օերերին հակամարտություն չի տեսնում:
«Ես տեսնում եմ, որ հովհարային հերթական անջատումից հետո փորձելու են մասնակցել առաջիկա ընտրական պրոցեսին և իրենց ուժերը փորձեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Սահակյանը և հավելեց, որ քաղաքականության մեջ կարճատեսությունն ու սկլերոզն արդեն կատեգորիա է, բայց ոչ վաղ անցյալում, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս էր դրա մասին չէին խոսում ու ընդգծեց.«Բայց գոնե ասեին, որ չհաջողված կոալիցիայի անդամ են եղել իրենք, չեն կարողացել իրենց պարտականությունները կատարել, նոր գնանք առաջ»:
«Լեգիոնական, ճամբարափող, ճորտի պես աշխատելու կամ վասալային մտածելակերպն այդ հատվածի մեջ գոյություն չունի և իհարկե կներեք, ոչ թե վասալի, այլ վասալի վասալի, որովհետև դեռ այդ աստիճանին չեն բարձրացել, որպեսզի կարողանան հասնել վասալի մակարդակի, բայց դրա մասին չեմ ուզում խոսել։ Այդ շրջանակները քաղաքական դաշտը դարձրել են հեղհեղուկ»,- առանձնացրեց Հովհաննես Սահակյանը:
ՀՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ասաց, որ ՀՀԿ-ն միշտ էլ ազնիվ է եղել իր ընտրողների առջև, ի տարբերություն ԲՀԿ-ի, որի ցուցակի առաջին երեք ներկայացուցիչները դեռ հարց է կդառնան քաղաքապետ, թե՝ ոչ.«Թող հայտարարեն, թե ով է իրենց բուն քաղաքապետի թեկնածուն, հետո նոր գնանք առաջ»: