Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվել են երկու եղբայր, ովքեր կասկածվում են գյուղապետի սպանությանն ուղղակի մասնակցություն ունենալու մեջ։ Թեև ինտերնետային որոշ կայքեր տարածեցին, որ ձերբակալվածների թվում է նաև համայնքապետի ընտրությունների ժամանակ դաշնակցական Հ.Մուրադյանի հիմնական մրցակից, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, սակայն «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ նա ձերբակալված չէ, թեև սպանության հիմնական վարկածը կարծես թե իրոք դիտարկվում է երկուսի միջև առկա լարված հարաբերությունները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները Արթուր Մուրադյանի թիմակիցներից են։

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: