«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ անսպասելի մեկնել է արտերկիր: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե որտեղ է ՀՀ վարչապետը, ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից այսպիսի պատասխան տվեցին. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել է արտերկիր»: Նկատենք, որ հենց այս այցի համար էր, որ Կառավարության նիստի օրը հինգշաբթիից տեղափոխվեց չորեքշաբթի: Իսկ թե ինչ է թաքնված այդ «մասնավոր այցի» մեջ, և ինչու է գաղտնի պահվում անգամ, թե որ երկիր է նա մեկնել, պարզ չէ:
Բայց «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվա է մեկնել՝ էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ռուսական կողմի հետ ինչ-ինչ հարցեր պարզելու համար: Բայց կողմերը նախընտրել են այդ հանդիպումը ոչ պաշտոնական ֆորմատով կազմակերպել՝ ավելորդ ուշադրություն չգրավելու համար: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ-ում էր գտնվում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որը հանդիպեց նաև Սերժ Սարգսյանի հետ ու, հավանաբար, կիսատ հարցեր են մնացել, որոնք պարզելու համար վարչապետը ՌԴ մեկնեց»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: