Էլէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումներն անցնում են առանց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրեն Եվգենի Բիբինի: ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացմամ իրենք տեղյակ էին, որ տնօրենը չի գալու:

Ընդունված աշխատանքային ընթացակարգով որոշվեց կես ժամանոց ելույթ տրամադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և կես ժամանոց ելույթներ՝ պատգամավորներին:

Ռոբերտ Նազարյանը նախ կրկնեց հոսանքի սակագինը 6.93 տոկոսով ավելացնելու արդեն իսկ հրապարակված թիվը: Ափսոսանք հայտնելով, որ Բիբինը ԱԺ-ում չէ՝ նա ասաց, որ կցանկանար անդրադառնալ նրա՝ «Ռեգնումին» տված հարցազրույցում բարձրացված որոշ հարցադրումներին:

«Եվս մեկ անգամ հասկացա, որ իմ ելույթը պետք է երկարացնել և որոշ՝ Բիբին կողմից բարձրացված հարցերին արձագանքել։ Երբ մենք ՀՀԿ-ում քննարկումներ էինք կազմակերպում, պարոն Բիբինը փորձեց մեղքը տեսնել արտադրվող կայանների հաշվեկշռի չապահովման մեջ՝ որևէ կերպ չանդրադառնալով նրան, որ կան թերացումներ, սխալներ, վատ մենեջմենտ»,-նշեց Նազարյանը ու ներկայացրեց թվեր՝ մերկապարանոց չլինելու համար:

Մասնավորապես՝ 2007 -2015թթ. ժամանակահատվածում ընկերությունը ՀՀ էներգետիկ համակարգում 102 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել, որոնք պիտի կոչված լինեին հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարել սպառողների, լավացնել ծառայություների որակը, կրճատել վթարները, վթարավերականգնողական աշխատանքները:

Դրանցից 22 միլիարդը, ըստ Ռոբերտ Նազարյանի, հանձնաժողովի կողմից չի ընդունվել, քանի որ այդ գնումների առյուծի բաժինը իրականացրել են շուկայականից բարձր գներով:

Ռոբերտ Նազարյանը իր ելույթի սկզբում հիշեցրեց, որ ՀՀ էներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող կայաններ և ծառայություներ մատուցող ընկերություններ դիմել են հանձնաժողով՝ սակագնի վերանայման հայտով: