Ուղիղ եթերում՝ Ագաթա Քրիստիի ոճը հիշեցնող, իր անձի հետ կապված սեքս սկանդալի մեղադրյալներին «բացահայտելուց» հետո, հուսամ, որ պարոն Թոքմաջյանին հաջողվեց գոնե իր մերձավորներին «համոզել» իր ասածում: Անխոս, լավ է, որ մարդ մաքուր է իր նեղ շրջապատի աչքերում, բայց ոչ իհարկե ուրիշներին սևացնելու հաշվին: Թոքմաջյանի դետեկտիվը աստիճանաբար վեր է ածվում դրամայի: Ներկայանալով իբրև Պոլիտեխնիկի համար անձնազոհ աշխատող ղեկավար, Թոքմաջյանը ամեն գնով փորձում է ընդունել անհիմն մեղադրյալի կեցվածք, ում հետ հունիսի 20-ին՝ ռեկտորի ընտրությունների ժամանակ որոշ ուժեր հաշվեհարդար պետք է տեսնեն:
Անհասկանալիորեն իր հետ բոլոր կատարվածն ու չկատարվածը ռեկտորի ժ/պ-ն կապում է սեքս սկանդալի հետ. կարծես դա իր համար կատարյալ վահան է, որով ինքը ծածկում ու կոծկում է իր ակնհայտ սխալները և բացթողումները: Ակնհայտ է մի բան, որ Թոքմաջյանին վարկաբեկեց ոչ այնքան բուն սեքս նամակագրությունը, որքան դրան նախորդած ու հաջորդած գործողությունները:
Անվիճարկելի է, որ Հ. Թոքմաջյանը ձախողեց միասնական Պոլիտեխնիկի ձևավորման գործընթացը, որի համար ինքը նշանակվել էր Պոլիտեխնիկի ռեկտորի ժ/պ: Պոլիտեխնիկում Թոքմաջյանի առաջին գործերից մեկն այն է եղել, որ ինքը 1/5 մասով կրճատեց ուսումնական պրոցեսը. եթե նախկինում ուսանողների հետ աշխատում էին շաբաթական 30 ժամ, ապա դա Թոքմաջյանը դարձրեց 24: Այլ կերպ ասած, հիմա ուսանողների հետ դասախոսները ավելի քիչ են աշխատում, քան նախկինում: Ժամերի կրճատման հետևանքով ազատված գումարները, ռեկտորի ժ/պ առանց մտածելու ուղղեց դեպի շինարարություն:
Պոլիտեխնիկ գալուց ի վեր, Թոքմաջյանը ամեն գնով՝ հուրով ու թրով փորձում է հաստատել իր ղեկավարությունը: Մասնավորապես ծնելով մի շարք սկանդալներ, քրեական և դատավարական պրոցեսներ, Հ. Թոքմաջյանը փորձեց ձևավորել մի իրավիճակ, որում ռեկտորության հարցում իր թեկնածությանը այլընտրանք չլիներ: Քանի որ կառավարման խորհրդի կեսը կազմում են Պոլիտեխնիկի 8 դասախոսներ և 8 ուսանողներ, ապա Թոքմաջյանը փորձեց անել այնպես, որ ռեկտորի ընտրության ժամանակ Պոլիտեխնիկի 16 ձայները բոլոր պարագաներում լինեն իրենը: Առանց խղճի խայթի և ամաչելու, իրեն տրամադրված ողջ վարչական ուժի կիրառմամբ Թոքմաջյանը կարողացավ դա անել դասախոսների կտրվածքով:
Գիտության վաստակավոր գործիչների, ակադեմիկոսների, ամբիոնի վարիչների փոխարեն կառավարման խորհուրդ «ընտրվեցին» Պոլիտեխնիկի հետ գրեթե կապ չունեցող, բայց Թոքմաջյանին հաստատ ձայն տվող անձինք:
Թոքմաջյանին այդ խայտառակության իրականացման հարցում օժանդակեցին նաև գերմաշ հեղինակությամբ «ինքը ռեկտոր ա, ինչ ուզի պիտի անի» գաղափարախոսություն դավանող Պոլիտեխնիկի որոշ կառույցների ղեկավարներ: Ի տարբերություն դրա, Պոլիտեխնիկի ուսանողությունը չենթարկվեց Թոքմաջյանի հալածանքներին և պահպանեց իր անկախ լինելու օրինական իրավունքը:
Այսպիսով՝ Թոքմաջյանը կառավարման խորհրդում փորձում էր ձևավորել մի իրավիճակ, երբ ինքը ունենալով ձայների կեսը, անկախ որևէ մեկի կամքից՝ կառավարության, նախարարի, և այլն, կարողանում է դառնալ ռեկտոր:
Կարճ ասած, իր ռեկտոր ընտրվելու հարցում նա ցինիկ ձևով իշխանություններին հատկացնում էր դիտորդի դերը:
Հիմա դժվար չէ հասկանալ Արմեն Աշոտյանի վերաբերմունքը Թոքմաջյանի հանդեպ, այն անձնավորության, ով անթաքույց կերպով փորձում էր զրկել երկրի և ոլորտի ղեկավարությանը Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրությունների վրա ազդելու հնարավորությունից: Թոքմաջյանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել, թե իբր ֆեյսբուքյան նամակագրության հետ կապված նախարարը վրեժխնդիր է լինում, ինչը, իհարկե, անլուրջ է, քանի որ հետաքննությունը ավարտված չէ:
Այդուհանդերձ ես իմ դժգոհությունն եմ հայտնում ԿԳ նախարարին, որ ինքը ունենալով բազմաթիվ առիթներ չհեռացրեց Թոքմաջյանին Պոլիտեխնիկից ու եղավ անընկալելի հանդուրժող:
Տարիներ առաջ Պոլիտեխնիկը ղեկավարող՝ շատ հեռատես անձինք տեսնելով և գնահատելով Հովհաննես Թոքմաջյանի մանկավարժական, մասնագիտական և մարդկային որակները նրան ազատեցին այն ժամ իր զբաղեցրած ասիստենտի պաշտոնից: Թոքմաջյանին, ոչ իր դիմումի համաձայն, համալսարանից դուրս «վռնդող» մարդիկ մի գրամ անգամ կասկած չունեին, որ նման քայլով իրենք բացառում են որևէ կարգավիճակով Թոքմաջյանի հետնամուտքը Պոլիտեխնիկ:
Բայց արի ու տես՝ մարդը ենթադրում է, իսկ Աստված տնօրինում: Այս պատմությունը գիտական խորհրդի իր ղեկավարած առաջին նիստում, իհարկե փոքր-ինչ այլ ձևակերպումներով, պատմել է հենց ինքը՝ Պոլիտեխնիկի ռեկտորի ժ/պ-ի կարգավիճակում վերադարձած Հ. Թոքմաջյանը:
Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ա. Խաչատրյան: