ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) տարածաշրջանային փոխտնօրեն Քիրսի Մադին եւ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին:
Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը եւ Տարածքային կառավարման նախարարությունը հիմնադրամին համարում են վստահելի գործընկեր եւ կարեւորում են կառույցի գործունեությունը Հայաստանում: "Համատեղ իրականացվող ծրագրերը միշտ արդիական են եղել: Ուրախ եմ, որ մեր համատեղ աշխատանքի օրակարգն աստիճանաբար առավել ընդգրկուն է դառնում",-նշեց փոխվարչապետը: Նա գոհունկության հայտնեց ինչպես երեխաների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում արդյունավետ համագործակցության համար:
Անդրադարձ եղավ նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման բնագավառներում նախատեսվող բարեփոխումներին: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել բարեփոխումներին` հատկապես սոցիալական եւ տեխնիկական բաղադրիչների մասով: Կարեւորվեց մարզերի տարածքային սոցիալական պլանների մշակման ոլորտում համատեղ աշխատանքի իրականացումը:
Հասարակայնության հետ կապերի բաժին