Սիրիայի հյուսիսում Թալ Աբյադ բնակավայրը քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի (YPG)-ի կողմից գրավելուց և Իսլամական պետության վերահսկողությունից վերցնելուց հետո Անկարայում անհանգստացած են: Նախօրեին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օզելի մասնակցությամբ կայացած կառավարության նիստում հիմնական քննարկման թեմաներից է եղել սահմանային իրավիճակն ու Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները:
Ադրբեջանից վերադառնալիս նախագահ Էրդողանն իր մտահոգություն էր հայտնել քրդական ուժերի կողմից այդ տարածքներում վերահսկողություն սահմանելու կապակցությամբ` նշելով, որ այդ տարածքներում քրդական ուժերի վերահսկողությունը կարող է սահմանային անվտանգության համար սպառնալիք ներկայացնել:
Փաստորեն, Էրդողանը Սիրիայի հյուսիսում Իսլամական պետության գոյությունը ոչ միայն սպառնալիք չէր համարում, այլև դրա նահանջում նոր ռիսկեր է տեսնում:
Ի դեպ, թուրքական աղբյուրներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի թիվը հասնում է 25 հազարի, իսկ սրանից առաջ Իսլամական պետությունն ուներ ընդամենը 10 հազար զինյալ:
Լևոն Հովսեփյան