Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի Մուշի բաժին է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով Հ. Ս.-ի հաշվառման եւ փաստացի բնակության վայրերում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին դատարանի որոշումները կատարելու եւ վերջինիս հարցաքննության կանչելու մասին ծանուցագրերը հանձնելու վերաբերյալ հանձնարարությունները:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները հիշյալ հանձնարարությունների կատարման տվյալները տեւական ժամանակ Շիրակի մարզային վարչությանը չեն հայտնել եւ խուզարկության արդյունքները քննիչին չեն տրամադրել: Այս կերպ՝ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները քննիչի վարույթում քննվող քրեական գործով հանձնարարությունները չկատարելով՝ առերեւույթ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, ինչի պատճառով քննիչը զրկվել է սահմանված կարգով քննչական եւ այլ դատավարական գործողություններն օրինական եւ ժամանակին կատարելու հնարավորությունից:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: