Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունը շարունակվում է: Նախատեսվում է, որ մայրուղին տարեվերջին կհանձնվի շահագործման:
Մայրուղին շինարարության համար բաժանված է մի քանի հատվածների. Վարդենիս-Սոթք (13,5 կմ), Սոթք-Քարվաճառի խաչմերուկ (36,3 կմ), Քարվաճառի խաչմերուկ-Գետավան (32,4 կմ), Գետավան-Դրմբոն (10 կմ), Դրմբոն-Սարսանգի հէկ (14,9 կմ), Մաղավուզ-Մարտակերտ (8,2 կմ), իսկ ճանապարհի` վերակառուցման ենթակա հատվածի ընդհանուր երկարությունը 115,3 կմ է:
Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց հետո սա երկրորդ միջպետական ճանապարհն է, որն իրար է կապում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն: Այս առումով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը ունի առաջին հերթին ռազմավարական նշանակություն և առավել կարևոր է ԼՂՀ Մարտակերտի ու Շահումյանի շրջանների համար, որոնք տնտեսական առումով կապված են հատկապես ՀՀ Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջաններին:
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի գործարկումը կնպաստի ոչ միայն ԼՂՀ համապատասխան շրջանների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, անհրաժեշտ ենթակառուցվածների ստեղծմանը և վերաբնակեցմանը, այլև հնարավորություն կտա բանակի կարիքների համար անհրաժեշտ օգնությունն ավելի շուտ տեղ հասցնել, քան Գորիսով անցնող ճանապարհով:
Բացի այդ այս ճանապարհով կանցնեն բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների մեծ մասը և կառուցվող ճանապարհով կարտահանվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հանքարդյունաբերական արտադրանքը և կստեղծվի ներդրումային բարենպաստ իրավիճակ:
Ամբողջ ճանապարհի շինարարությունն իրականացնում են արցախյան 6 կազմակերպություն («Կապավոր» ՍՊԸ, «Դորոժնիկ» ՍՊԸ, «Վրեժ» ՓԲԸ, «Քարավան» ՍՊԸ, «Վիրաժ» ԱԿ, «Ճանշին» ՓԲԸ), իսկ ֆինանսավորումը տրամադրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ճանապարհի կառուցման ծրագրի արժեքը նախնական հաշվարկով 30 մլն դոլար է և շատ կարևոր է անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթումը:
Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ այսօր որոշում է կայացվել բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի ինն ամսում «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1,540,000.0 հազար դրամ տրամադրելու վերաբերյալ:
Այս նոր աջակցության տրամադրումը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հնարավորություն կտա հնարավորինս արագ ավարտին հասցնել ճանապարհի շինարարական աշխատանքները:
Մնում է հուսալ, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը տարեվերջին կավարտի, և մայրուղու բացումը երկրորդ շունչը կտա Արցախի Հանրապետությանը:
Նարեկ Պողոսյան