Անեսթիեզոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը հղի Ֆլորա Աբգարյանին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցաբերած բուժօգնության ժամանակ թույլ տված սխալների հետևանքով Ֆլորա Աբգարյանն ու նրա պտուղը մահացել են: Այս փաստը հիմնավորված են համարել դատական երկու ատյանները, մեղադրանքն ընդունել է նաև մեղադրյալը, սակայն այդքանով հանդերձ դատարանը կիրառել է պայմանական ազատազրկում: Ավելին, բժշկին չեն զրկել նաև բժշկական օգնություն ծավալելու իրավունքից:
Այսպես, դատավճռով հաստատվել է, որ. Վլադիմիր Մյագկովը 2012թ. փետրվարի 25-ին հղի Ֆլորա Աբգարյանին «կեսարյան» վիրահատության նապատրաստման ընթացքում ցուցաբերած բուժօգնության ժամանակ սխալ է գնահատել դժվար ինտուբացիայի պոտենցիալ հնարավորությունը՝ Ֆ.Աբգարյանի մոտ այն ըստ «Մալոպատիի» համապատասխանել է ոչ թե 2 բալի, այլ գերազանցել է այն: Դա հանգեցրել է ողբերգական հետևանքների՝ շնչափողի ինտուբացիայի չհաջողված երեք անգամյա փորձերը բերել են ծանրագույն հիպոքսիկ բարդությունների և սուր պրոգրեսիվ սիրտ-անոթային ու շնչական անբավարարության զարգացմանը: Այնուհետև բժիշկը թույլ է տվել դժվար ինտուբացիայի արձանագրության խախտում, համաձայն որի նա պետք է ինտուբացիայի երկրորդ չհաջողված փորձից հետո դադարեցներ հետագա փորձերը, դիմային կամ լարինգեալ ոչ ինվանգիվ օդափոխությամբ «շնչացներ» հիվանդին մինչև ինքնուրույն շնչառության վերականգնումը և սպասեր այլ մասնագետի օգնությանը, որից հետո միայն քննարկեր հիվանդի այլընտրանքային վարումը անհետաձգելի ցուցումներով: Ինտուբացիոն փորձերի հետևանքով Ֆ.Աբգարյանին պատճառված լեզվարմատի և վերին շնչական ուղիների տրավմատիկ վնասվածքները, ինչպես նաև արյան առկայությունը վերին շնչական ուղիներում և թոքերում իրենց հերթին գործոններ են հանդիսացել, որոնք խորացրել են արդեն զարգացած շնչական և սիրտ-անոթային խանգարումները, սուր շնչական անբավարարությունը հղիի մոտ, վերջնական առումով առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն, պատճառ են հանդիսացել հղիի և պտղի մահվանը:
ՀՀ քրեական օրենսգրքիի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահը, իր դեմ առաջադրված մեղադրանքն ամբաստանյալն ընդունել է և ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել գործը քննել արագացված դատաքննության կարգով:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 27.12.2012թ. դատավճռով բժիշկը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ առանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու, ինչը ևս քրեական վերաքննիչ դատարանը խիստ է համարել և 01.03.2013թ. որոշմամբ փոփոխել պատիժը պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով:
Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վ.Գրիգորյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ-ի բժիշկ անեսթիեզոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովի դեմ գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշման:
Վերաքննիչ դատարանը հաշվի է առել, որ Վ.Մյագկովը դատապարտված չի եղել, ընդունել է մեղքը և զղջացել է կատարված արարքի համար, «Աբովյան բշժկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի կողմից արժանացել է «Շնորհակալագրի» և սույն գործով արդեն իսկ որոշակի ժամանակահատված գտնվում է նախնական կալանքի տակ: Ի դեպ նշենք, որ մահացած հիվանդի հարազատները հաշտվել էին մեղադրյալի հետ դեռևս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում և տուժողի իրավահաջորդ Լ.Աբգարյանը չէր առարկել դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ,-գրում է Փաստինֆոն:
Փաստորեն շնորհակալագիրն ավելի ծանրակշիռ փաստարկ է, քան երկու կյանքի ընդհատումը: