Եթե հիմա մի բամբասանք, մի հերյուրանք կամ մի աստղի հետույքի մեծության, կամ այլ բարեմասնությունների վերաբերյալ գրառումներ լիներ, ապա ողջ սոցիալական ցանցերը, ողջ համացանցը կթնդար ու ամեոբանման մեծամասնությունը հորթային հրճվանքով կքննարկեր, երազախաբ կլիներ ու հաճույքից կթուլանար…
Մինչդեռ լուրը, հրապարակումները մի հիասքանչ նախաձեռնության մասին, որը հայրենանվեր է, անգնահատելի ու կարևոր, բացարձակապես անցավ սովորական՝ նույնիսկ գրեթե աննկատ:

Հանրությանը հայտնի Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ՙՙ Մշակութային վերածնունդ ՚՚ հիմնադրամ, որը ՙՙՀայկական ազգային երաժշտական գանձարան՚՚ մշակութային նախագիծ է, որի շրջանակներում առաջին անգամ ստեղծվում է հայ ազգի՝ հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու: Հիմնադրամի, նախագծի նպատակն է մեկիկ-մեկիկ վերծանել, վերաձայնագրել, համախմբել հայկական, ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով մեր սերունդներին: Դա Մատենադարանի նման մի ինքնատիպ համացանցային երժշտադարան է, գրեթե նույն առաքելությամբ ու նույն սրտացավությամբ…

Բնականաբար, այդ նպատակով ծրագրում ընդգրկված մասնագետների կողմից իրականացվում է ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրապարակում;
Արդեն իսկ աշխատանքային խմբի՝ պրոդյուսեր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի, գլխավոր երաժշտական խմբագիր, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի, համակարգող, արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանի կողմից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորա-դասախոսական կազմի, վաստակավոր ու արհեստավարժ, նվիրյալ երաժիշտների մասնակցությամբ և աջակցությամբ կատարվել ու կատարվում է տիտանական և աննկարագրելի կարևոր աշխատանք:

Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են նաև Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակներում, համաշխարհային հանրությանը հասանելի ու մատչելի տեսքով, ըմբռնելի ձևակերպմամբ կրապարակվեն հայ հոգևոր երաժշտական գոհարները՝ մատյանները ( Շարակնոցը, Ժամագիրքը ): Ընդհանուր առմամբ, 600-ից ավել երաժշտական նմուշներ հասու կդառնան հանրությանը:

Բնականաբար, այս աննախադեպ, կարևոր և հսկայածավալ աշխատանքների վերաբերյալ հիմնադրամը և նախագծի աշխատակազմը պարբերաբար, հետևողական տեղեկատվություն կտրամադրի ու այն կլուսաբանվի;

Հիրավի անգնահատելի ու ազգանվեր խախաձեռնություն է…Կեցցե՛ք բոլորդ ու բարի երթ… Բարի, նվիրումով աշխատանք և նաև ըմբռնում ու գնահատական հանրության կողմից…Որն անկասկած նույնպես կարևոր է և ոգևորիչ…

Ռոբերտ Մելքոնյան