Հունիսի 29-ին և 30-ին` ժամը 20:00-ին, Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա համերգ` նվիրված Շարլ Ազնավուրի 91-րդ տարեդարձին: "ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ երգում է ԱԶՆԱՎՈՒՐ" խորագրով համերգի մտահղացման և, ընդհանրապես, ծավալած երաժշտական ինքնատիպ գործունեության մասին YerevanNews.am-ը զրուցեց շնորհաշատ երիտասարդ երգիչ-դերասան Հայկ Պետրոսյանի հետ:
Մասնագիտությամբ դիվանագետ-քաղաքագետ եմ, բայց այնպես ստացվեց, որ ճանապարհն ինձ բերեց դեպի բեմ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատահական որոշմամբ մասնակցեցի «Սուպերսթար» նախագծին, որից հետո այդ թմով շատ համերգներ և հյուրախաղեր ենք ունեցել տարբեր երկրներում: Իսկ իմ առաջին մենաելույթները երաժշտական սթենդ-ափ շոուներ էին, որտեղ հանդես եմ եկել կատակ-երգերով: Հիմա ավելի շատ ակումբներում եմ հանդես գալիս, բայց Ազնավուրին նվիրված համերգը որոշեցի թատրոնի բեմում լինի, քանի որ ազնավուրյան մթնոլորտը և ոճը թատերական դահլիճ է նախընտրում:
Հայկ Պետրոսյանը Շառլ Ազնավուրին իրավամբ համարում է հրաշալի երգիչ, մեծ արվեստագետ և զարմանալի մարդ, ով 9 տարեկանից բեմի վրա է և 25 տարի պայքարելուց ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո միայն դարձավ այն Ազնավուրը, որին բոլորը գիտեն:
Ազնավուրը զարմանալի է, որովհետև իր երգերով միշտ կարողացել է գրավել բոլոր սերունդներին և արդեն 60 տարի է չի իջնում համաշխարհային երաժշտական բուրգի գագաթից: Ազնավուրը երբեք իր ակտուալությունը չի կորցնում: Ես շատ կուզեմ, որ համերգին գան նաև մարդիկ, որոնք Ազնավուրին քիչ են ծանոթ կամ անծանոթ են: Ես ուզում եմ լինել «գործիք», որն անծանոթներին կծանոթացնի Ազնավուրի հետ, քանի Ազնավուրը համառության և համարձակության բացառիկ օրինակ է:
Հարցին, թե դժվար չէ՞ ներկայացնել մի մարդու, ով, հատկապես հայերի համար, անչափ սիրելի է և իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուրի կյանքում, տաղանդաշատ արտիստը պատասխանեց.
Բնականաբար և՛ շատ դժվար է, և՛ շատ պատասխանատու: Սակայն ես աշխատում եմ նրա երգերի ամեն բառի և ամեն տառի վրա, որ որքան հնարավոր է պատվով դուրս գանք: Ինչպես ասում են առաջավոր դեմքերը.«Թուրը հաղթանակով դնենք պատյանը»:
Լինելու է սցենարական գիծ Ազնավուրի կյանքի և գործունեության մասին, որը կարմիր թելի նման անցնելու է համերգի ընթացքում:
Հայկը նաև նշեց, որ փորձելու է հանդիսատեսին փոխանցել Ազնավուրի հաջողության օրինակելի բանաձևը:
Համերգի բարձրորակ երաժշտությունն ապահովելու են՝
դաշնամուր` Կարեն Անանյան
կիթառ` Ալեքսանդր Հակոբյան
բաս կիթառ` Դավիթ Պողոսյան
հարվածային գործիքներ` Արմեն Ավետիսյան
սաքսոֆոն` Դավիթ Նալչաջյան
ջութակ` Լիլիթ Ռուշանյան