Ամառային տապերը սկսվել են: Ինչպես հայտնում է «Հայհիդրոմետը», Հայաստանում այսօր ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնելու է մինչև 38°С, օդի խոնավությունը` 41%, որն այս մի քանի օրերի համեմատ ամենաբարձրն է:
Ցերեկային բարձր ջերմաստիճանը շատ հաճախ ազդում է մարդու ինքնազգացողության վրա: Դա ուղեկցվում է ընդհուպ մինչև պարանորմալ երևույթների տեսիլքներով՝ անհավանական պատմություններ հորինելով:

Շոգի հետևանքները ցցուն երևում են, երբ կարդում ես այս կամ այն հասարակական գործչի ասուլիսները:
Civil Voice բնապահպանական կազմակերպության անդամ Սիլվա Ադամյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ Սևանի ավազանը Համաշխարհային բանկը գրավի տակ է առել։ «Մի քիչ առաջ ապացուցվեց, որ երևի այն, ինչ որ ես ասել եմ, դա ճիշտ է։ Տեղեկատվությունը ստացել ենք Սևանի ավազանի բնակչից, որը լուրջ դեմք է այնտեղ, ոչ թե կառավարության անդամ կամ… ունի հավաստի տվյալներ և հատուկ էր ինձ հրավիրել, որ այդ տվյալներն ինձ փոխանցեր»։

Նոր պաշտոն կամ նոր հասարակության շերտ` «լուրջ դեմք», որը ցանկացած գերատեսչության աշխատակցին «ծալած ունի»: Կարծում եմ` հաջորդ ասուլիսին կարելի է տեղեկանալ տիկին Ադամյանից, թե «լուրջ դեմքի» բարձրագույն քոլեջ ընդունվելու համար ի՞նչ մասնագիտական հմտություններ են հարկավոր, և տարիքային սահմանափակումներ կա՞ն, թե՞ ոչ:
ՀԲ Երևանյան գրասենյակից հերքել են այս տեղեկատվությունը և ասել, որ առաջին անգամ են լսում:

Ամենահետաքրքիրն այն է, որ նման տեղեկատվություն հաղորդելու համար տիկին Ադամյանը չի ալարում և ասուլիս է հրավիրում: Սևանի ավազանը 35 գրամանոց ոսկե շղթա կամ հարսանիքին նվիրած թանկարժեք վզնոց չէ, որ գրավ դնեն այս կամ այն ֆինանսական կամ վարկային կազմակերպությունում:
Կարծում եմ, որ 38°С ջերմությունն իրենն իրոք ասել է... Դե բնական է, մարդկային օրգանիզմը երկաթից չէ, որ դիմանա:

Տիգրանուհի Դավթյան՝ ֆեյսբուք