Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմրցի Սան Մարինոն ներկայացնող «Ֆոլգորե» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին կամ հուլիսի 1-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին կամ 8-ին:
Այս փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Փյունիկը» կմրցի նորվեգական «Մյոլդեի» հետ: Խաղերը կկայանան հուլիսի 14-ին կամ 15-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 21-ին կամ 22-ին: Խաղերի անցկացման ստույգ ժամկետները հայտնի կդառնան մի փոքր ուշ:
«Շիրակը» ուժերը չափելու է նախկին Հարավսլավիան ներկայացնող մեկ այլ ակումբի՝ «Զրինսկիի» հետ, որը ներկայացնում է Բոսնիան և Հերցեգովինան: «Շիրակի» հնարավոր մրցակիցների շարքում «Զրինսկին», թվում է, լավագույն տարբերակներից էր, եթե ոչ լավագույնը:
Փոխչեմպիոն «Ուլիսը» վիճակահանության արդյունքում մրցելու է Մալթայի «Բիրկիրկարայի» հետ: Հնարավոր մրցակիցների շարքում սա լավագույն տարբերակն էր, սակայն դա չի նշանակում, որ հաղթանակը երաշխավորված է: «Բիրկիրկարան» եվրագավաթներում հանդես գալու անհամեմատ մեծ փորձ ունի, իսկ ներկայում իր կազմում ընդգրկել է մի շարք լեգեոներների:
Ամենաբարդ մրցակիցը բաժին է հասել «Ալաշկերտին»: Եվրագավաթներում Աբրահամ Խաշմանյանի թիմը նորամուտը նշելու է շոտլանդական «Սենտ Ջոնսթոնի» հետ հանդիպումներով:
Հավելենք, որ ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայումս 54 երկների շարքում 51-րդն է: