Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ հունիսի 23-ին միջոցառում էր կազմակերպվել ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Միջոցառմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մեկ տարվա ընթացքում ասոցիացիայի ծավալած գործունեությանը, իրականացված ծրագրերին և դրանց արդյունքներին:
Հանդես գալով շնորհավորական ելույթներով և պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով ռազմաբժշկական ծառայության արդիականացման գործընթացի անհրաժեշտությունը՝ ելույթ ունեցողներն ընդգծել են, որ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նպատակն է համախմբել ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժաշխատողների ջանքերը, ըստ այդմ՝ մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերով աջակցել զինծառայողների առողջության պահպանման, արդյունավետ բուժման և ընդհանուր առմամբ զինված ուժերի բուժծառայության զարգացման գործին, ուսումնասիրել և համադրել ռազմական բժշկության հնարավորությունները արտասահմանյան առաջավոր փորձի հետ:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ մաղթելով ձեռքբերումներով լի ու արգասաբեր աշխատանք և ընդհանուր առմամբ կարևորելով հասարակական կառույցների դերը բոլոր ոլորտներում, այդ թվում` զինված ուժերում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հույս է հայտնել, որ ասոցիացիան իր կառուցվածքով և գործունեությամբ հետայսու ևս հետամուտ կլինի ռազմաբժշկական ոլորտում առկա խնդրահարույց հարցերի բարձրաձայնմանն ու դրանց լուծման ուղիների որոնմանը:

Հարցերի ու պատասխանների միջոցով բանախոսներն անդրադարձ են կատարել նաև ռազմական բժշկության ոլորտում առկա խնդիրներին, դրանց կատարելագործման ուղիներին: Քննարկվել են բուժսպասարկման աշխատանքների բարեփոխումների շրջանակում ընթացող աշխատանքները, ոլորտի գիտական և հայեցակարգային հիմքերը:
Միջոցառման ընթացքում շնորհավորական ուղերձով հանդես եկան նաև ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները, որոնց նախաձեռնությամբ առաջիկայում զինվորական հոսպիտալում կլինեն ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մի քանի մեքենաներ:

Վստահեցնելով, որ ծրագիրը շարունակական է լինելու, Նաջարյան ընտանիքի անդամները նշել են, որ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, ուստի անհրաժեշտ է անել առավելագույնը՝ զինծառայողների բուժօգնության առաջնակարգ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: