ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես ՀՀ զինված ուժերի թիկունքի օր:
ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայությունը ստեղծվել է հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` ինքնապաշտպանական ջոկատներին նյութական միջոցներով ապահովելու նպատակով:
Այդ օրերին թիկունքի հիմնական ուժերը նպատակաուղղված էին ինքնապաշտպանական ջոկատները և նոր ձևավորվող զորամասերն անհրաժեշտ միջոցներով ապահովելուն:
Առանձնահատուկ կարևոր էր վառելիքաքսուքային նյութերի, պարենի և հանդերձանքի ձեռքբերումը: Այս բոլոր խնդիրներն իրականացվել են հաղթահարելով մեծ դժվարություններ, քանի որ չկային թիկունքի նյութական բազա, պահեստներ և ավտոտրանսպորտ, առկա էր նաև համապատասխան մասնագետների պակաս:
Հետագա տարիներին իրականացվեցին ՀՀ ԶՈւ թիկունքի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի թիկունքի վարչությունն առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ իր ենթական ստորաբաժանումների միջոցով: ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայությունն այսօր իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց:
ՀՀ զինված ուժերի թիկունքի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար անձնակազմին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2015թ. հունիսի 23-ի հրամանով ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայության մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով: