«Մի քանի օր է՝ Երևանում, մասնավորապես Բաղրամյան պողոտայում ծավալվող իրադարձությունները հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կիզակետում են, սակայն դրանց անհաղորդ են մնում հայաստանյան մի շարք քաղաքական գործիչներ, կազմակերպություններ: Մասնավորապես, արդեն մեկ շաբաթ Երևանի կենտրոնական փողոցը փակ է, նստացույցեր, երթեր, բախումներ, սակայն Հայաստանի 1-ին և 2-րդ նախագահները լռում են: Որտե՞ղ են նրանք, արդյոք մտահոգ չե՞ն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, ինչո՞ւ չեն խոսում: Երևի հեռվից նախանձում են երիտասարդների արձանագրած հաջողություններին, նրանց առաջացրած ռեզոնանսին և հիշում իրենց «ջահել» տարիները: Տեղի ունեցող իրադարձություններին Քոչարյանների ընտանիքից առայժմ արձագանքել է երգչուհի հարսը՝ Սիրուշոն, իր էջում հրապարակելով ակցիայից մի լուսանկար:
Այս քայլը միանշանակ չէր ընդունվել սոցիալական ցանցերում, օգտատերերը երգչուհուն հիշեցրել էին նախկին նախագահ-սկեսրայրի ոչ վաղ անցյալը, մարտի 1-ը, մյուս բռնությունները, ինչպես նաև այն, որ ՀԷՑ-ը ռուսներին վաճառվել է հենց Քոչարյանի օրոք: Իսկ Քոչարյանը լռում է: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ նա օրեր առաջ մեկնել է արտերկիր: Իսկ հունիսի 27-ին Քոչարյանը Մոսկվայում պետք է մասնակցի «Սիստեմայի» տարեկան ընդհանուր ժողովին, որի ժամանակ, բացի տարեկան հաշվետվությունը, անելիքների քննարկումը, կընտրեն նաև տնօրենների խորհրդի անդամներ: Իշխանության վերնախավում լայնորեն քննարկվում են Սերժ Սարգսյանի՝ Բելգիայից վերադառնալուց հետո տեղի ունենալիք իրադարձությունները: Ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը, արդյոք ձեռքը կխփի սեղանին, և կկրկնվի «սիրուն չի» օպերացիան, թե՞ կթանկացնեն՝ առանց զիջումների, ըստ ՀՀԿ կուլիսներում տարածվող շշուկների, պարզ կդառնա այսօր երեկոյան սպասվող ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ինչո՞ւ են լռում Հայաստանի 1-ին և 2-րդ նախագահները.«Հրապարակ»
