ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
26.06.2015թ.՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր, ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաև ՀՀ ԶՈւ երի զինծառայող: