Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները:
Մասնավորապես սակագնի մասով ասվել է:
Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է:
Նաև համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: Ի վերջո, մեր բնակչության ավելի տարիքով հատվածը երբեք չի մոռանա 1988 թվականին ատոմակայանի փակման հետևանքները. այն ժամանակ էլ գրեթե բոլորը ոգևորված էին այդ չակերտավոր չարիքից ազատվելու հարցում, բայց հետո պարզվեց, որ իրական չարիքը հենց ատոմակայանը փակելն էր, ինչը մինչև այսօր իր բացասական ազդեցությունն է թողնում: Նույնը Նաիրիտի հետ կապված. փակելով այն, դուրս դնելով բնականոն զարգացման ցիկլից` հասանք մի իրականության, երբ պետությունը մինչև այսօր ստիպված ու պարտադրված է հավելյալ գումարներ ծախսել այս ուղղությամբ:
Կարող եմ բերել տասնյակ այսպիսի օրինակներ: Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք:
Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին`
• ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և
• սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք:
Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:
Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:
Այս պայմաններում դեռևս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփո-խության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:
Սա այն մասով, թե ինչ ուղղություններով ենք մենք աշխատում այս օրերին և աշխատում ենք վաղուց: Իհարկե, բազմաթիվ այլ ուղղություններով էլ ենք առաջ գնացել և լրջորեն քննարկել: Խնդիրը պետք է լուծել, և դրա համար ժամանակ կա:
Այս պահին որպես աշխատանքային քննարկումների տրամաբանության մասին իրազեկում, այսքանն էի ցանկանում ասել: Վերջում ավելացնեմ հետևյալը.
Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե սակագնի բարձրացման խնդիրների հետ կապված մեր երկրում կան հակադիր կողմեր, թող որևէ մեկի մտքով չանցնի, թե կան մերոնք և ձերոնք. դա անհեթեթ է այնքան, որքան վտանգավոր է: Ես ուզում եմ նաև դիմել բողոքի ձայն բարձրացրած մեր երիտասարդներին. սիրելինե՛րս, մի՛ վախեցեք նոր պատասխանատվություն վերցնել և քայլերի մշակման իրական գործընթացին մասնակից դառնալ՝ դրանով իսկ նվազեցնելով կասկածամտությունը մեր հասարակության մեջ: Այսպիսի քննարկումներ մենք ունեցել ենք տասնյակներով, դրանց ձեզ մասնակից դարձնելուն երբե՛ք դեմ չենք: Գործընթացի վերջում բոլորը բավարարված ու հասկացված են լինելու: Իհարկե, կլինեն մարդիկ որոնք որևէ լուծում չեն ընդունի, որոնց լուծումների գոյությունը ձեռք չի տալիս ու ցանկացած որոշման դեպքում անվանարկելու են, բայց այսօրվա խոսքս նրանց չի վերաբերվում, այլ այն ակտիվ մեծամասնությանը, որոնք խնդրի լուծում են ուզում և չեն օգտագործվի քաղաքական նպատակներով:
Ուրեմն եկե՛ք լուծենք խնդիրը և եկե՛ք այնպես անենք, որ ընթացքում որևէ փորձություն չբերենք մեր գլխին: Չափն անցնել որևէ դեպքում չի կարելի. ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, բայց դա մեր նպատակը չէ: Եվ Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան և օգնե՛ք լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում: Այն էներգետիկ համակարգը, որ այսօր մենք փորձում ենք զարգացման հիմքերի վրա դնել, բոլորիս համար է, նախ և առաջ ձեր սերնդի համար: Լսե՛ք իմ բարեկամական հորդորը, անպայմա՛ն լսեք: Մի քանի օրից ցանկանում եմ մի քանիսիդ հրավիրել զրուցելու. հույս ունեմ, որ ավելի հեշտ իրականություն կդարձնենք այդ հանդիպումը: Գործ շատ կա անելու, ևմիասի՛ն պիտի ավարտենք այս դժվարին պրոցեսը:
Այսքանն էի ուզում ասել իբրև մեր այսօրվա խորհրդակցության սկիզբ: Իհարկե, խոսքն ավելի՛ շատ խորհրդակցության մասնակիցներին չէր ուղղված: Այժմ անցնենք մեր բուն աշխատանքին և շարունակենք քննարկել հարցերը, այդ թվում՝ էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթները, այն ծրագրի, որ նախատեսված է իրականացնել 2016-2036 թթ.», -խորհրդակցության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: