Մանրազնին կերպով ընթերցելով Հանրապետության Նախագահի ելույթը՝ կարելի է հստակորեն արձանագրել, որ գործ ունենք հմտորեն լարված դիվանագիտական ծուղակի հետ: Իհարկե, կարելի է խոսել այն մասին, որ ցույցերի կազմակերպիչներն էլ այս ընթացքում թույլ տվեցին տարատեսակ մարտավարական սխալներ, սակայն այս պահին ունենք այն, ինչ ունենք՝ նախաձեռնողի դերում Նախագահն է, իսկ ծուղակները շատ են: Աուդիտ անցկացնելու մոտեցումն, անշուշտ, տեղին է, սակայն այդ նպատակով միջազգային կառույց հրավիրելը միանգամայն հասկանալի ենթատեքստ ունի՝ հայտնի է, որ նմանատիպ կառույցների համար միակ սկզբունքն է ՛՛փողին մուննաթ՛՛-ը, ուստիև նման աուդիտի օբյեկտիվության վրա հույս դնելը պարապ զբաղմունք է: Ավելին՝ չմոռանանք, որ, ըստ Նախագահի, եթե աուդիտի եզրակացության համաձայն սակագների բարձրացումը լինի արդարացված, ապա սպառողները պարտավորված կլինեն վճարել թանկացած սակագնով: Նշեմ նաև, որ Նախագահը դիմել է մի նախազգուշական քայլի՝ պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարարների հետ, բայց դա՝ մի քանի օր անց, ինչը հիշեցնում է 2004թ. գարնանը նախատեսված վստահության հանրաքվեն, որն այդպես էլ չկայացավ: Կասկածից վեր է նաև այն, որ համարժեք միջոցառումներ չիրականացնելու դեպքում ոստիկանությունը կիրականացնի ցույցը ցրելու միջոցառումը:
Արդ, որն է այս իրավիճակում հնարավոր ելքը.
Իհարկե, Բաղրամյան պողոտան հավերժ փակ պահել հնարավոր չէ: Սակայն պողոտան ազատելն էլ պետք է «ծախել», ընդ որում, հնարավորինս թանկ:
Որպես պողոտան ազատելու նախապայման՝ անհրաժեշտ է պահանջել, որ բանակցությունները նախագահի հետ տեղի ունենան այս գիշեր կամ վաղը ցերեկը: Բանակցությունների ընթացքում պետք է դրվեն հետևյալ պահանջները:
1. Աուդիտը պետք է անցկացվի հասարակական հանձնախմբի կողմից, որը կհամալրվի կոմպետենտ մարդկանցով՝ առանց միջազգային որևէ կառույցի ներգրավման:
2. Սեղմ ժամկետներում պետք է իրականացվեն օրենսդրական բարեփոխումներ՝ ներառելով դրույթներ ազգայնացման, ՀԾԿՀ կազմավորման և գործունեության, պարտադիր պետական բաժնեմասի և հարակից այլ հարցերի վերաբերյալ, ընդ որում՝ նախագծերը կմշակի հիշատակված խումբը, իսկ Նախագահը՝ որպես ՀՀԿ նախագահ, պետք է երաշխավորի ՀՀԿ խմբակցության աջակցությունը:
3. Սակագնի թանկացումը պետք է կասեցվի ոչ թե մինչև աուդիտի ավարտը, այլ մինչև նոր ՀԾԿՀ ձևավորումը:
Այս օրակարգը պետք է դառնա բանակցությունների առանցք, և պահանջների բավարարման դեպքում ցույցը կարելի է տեղափոխել այլ վայր:
Հավելեմ, որ նվաստս պատրաստ է ասնակցել ինչպես բանակցություններին, այնպես էլ հանձնաժողովի գործունեությանը:
Կարեն Վարդանյան` facebook