Ինչից վախենում էի, ափսոս, կատարվում է, ու մենք էլ մեջն ենք, ու ոչ մի ձև դեմն առնել չենք կարողանում: Խոսքս Բաղրամյանը բացել-չբացելու մասին չի: Ոստիկանությունը ուզենա՝ րոպեների ընթացքում կբացի, կամ թող էդպես էլ մնա…
Մի փողոցի կորուստն անհամեմատելի փոքր է էն մեծ կորստի համեմատ, որ մեր աչքի առաջ է կատարվում: Էս օրերի ընթացքում մի շատ կարևոր բան էր տեղի ունենում՝ վերանում էր փոխադարձ անվստահությունը, բոլորով մեզ էլի Հայաստանի հավասար քաղաքացի էինք զգում, եթե վիճում էլ էինք ոստիկանի կամ չինովնիկի հետ՝ առանց չարության էր, սկսում էինք գիտակցել, որ բռնել ենք մեր հազարավոր պրոբլեմները միասին ու կոմպրոմիսով լուծելու ճանապարհը: Էս գիշեր, այ հիմա հույսի էդ ծիլն է մեռնում: Ժուռնալիստները, որ անընդհատ սրում են ցույցը ցրել-չցրելու հարցը, տարատեսակ մարդիկ, որ իբր իրանց մարմնով ցուցարարներին պաշտպանում են վայրագ ոստիկաններից, տակից աշխատող հեղափոխական քարոզիչները, որ գրգռում են ժխտման թույնը ցուցարարների մեջ, անտարբերները, որ հիմա կուշտ քնած են ու վեջները չի՝ բոլորը սպանում են էդ ծիլը, որի սպանվելուց հետո էլի տարիներ են պետք լինելու էս օրերի զգացողությունը գտնելու համար ու դժվար է ասել՝ կգտնե՞նք: Ցուցարարների մի մասը մոլորված դեսուդեն է նայում, մի կեսը չգիտես ինչի՝ արդարացումներ է հրապարակում Ազատության հրապարակում, հեղափոխականները շարունակում են սրել հակամարտության գիծը, չնայած իրանց թռուցիկներում ու ՖԲ-կոչերում ոստիկանության հետ չբախվելու կոչեր ու երդումներ են անում:
Սուտ են ասում. ոստիկանության դեմ ատելություն բորբոքելով, ոստիկանին արհամարհելու կոչելով, ոստիկանին հանրությանն անարժան պիտակելով նախապատրաստում են էդ բախումը: Մեկին հիշեցի, որ տարիներ առաջ երեխաներին կոչ էր անում չխաղալ ոստիկանների երեխաների հետ, դասարանում նրանց կողքին չնստել: Հիմա Բաղրամյանում է էդ մարդը, ամբողջ օրը օրենք էր թափահարում ու ցուցարարներին կրծքով պաշտպանողներից է: Քար չի շպրտել, շիշ չի շպրտել ոստիկանի վրա, նույնիսկ սեռական հայհոյանք չի տվել, ավելի վատն է արել՝ պիտակել է ստորակարգ արարած ու օրենքից դուրս հայտարարել ոստիկանի նույնիսկ երեխային: Ու հիմա հարյուրավոր ցուցարարների նույնն է սովորեցնում, նույնն են սովորեցնում սրանց նմանները՝ ելույթներով, թռուցիկներով, հարցազրույցներով, սուտ ժողովրդասիրությամբ:
Էսօր ոստիկանությունն է հանրությունից դուրս հայտարարվում, էսօր պատգամավորն ու չինովնիկն է անխտիր գող ու գռփող ներկայացվում, վաղը բանակը բռնատիրականան կհայտարարվի, մյուս օրը պետական բոլոր կառույցները անիմաստ կհայտարարվեն, ի վերջո՝ պետությունը: Ու կվերջանա ամեն ինչ, կմնան սրանք միայն ու սրանց հիվանդ փառասիրությունը: Մեր պատմության մեջ քանի անգամ այսպես եղել է: Աշխարհի պատմության մեջ էլ:
Բոլոր հեղափոխությունները սկսվում են ազատության, եղբայրության, հավասարության կոչերով ու վերջանում մեծամասնության բռնաճնշումով՝ փոքրամասնության կողմից: Այ էս վայրկյանին էդ փոքրամասնությունը գլուխ է բարձրացնում Բաղրամյան փողոցում ու տրորում ժողովուրդ-երկիր-պետություն լինելու մեր վերջին հույսը: Էսքանից հետո ի՞նչ կարևոր է՝ ոստիկանությունը կազատի՞ Բաղրամյան փողոցը, թե էդպես էլ կմնա…
Աշոտ Վիրաբյան՝ ֆեյսբուք