ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ հետաքրքիր հայտարարություն է արել: Մասնավորապես «Արմենիա»-ի եթերում նա նշել է, թե ՀԷՑ-ում աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս:
Դավիթ Հարությունյանը նշել է, թե այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից: Կառավարության աշխատակազմի ղեկավարն ասել է նաև, թե տեսականորեն ՀԷՑ-ի վերավաճառքի կամ ազգայնացման տարբերակներից ոչ մեկն էլ չպետք է բացառել, սակայն պետությունը երբեք չպետք է կառավարի այդ ընկերությունը, և ազգայնացման դեպքում, միևնույն է, որպես կառավարիչ պետք է ընտրել ճանաչված միջազգային ընկերություն: «Ցավոք, մենք ունենք տխուր փորձ, երբ երկիրն էր կառավարում այդ ընկերությունը, կուտակվում էր 50-100 միլիոն դոլարի պարտք, որը դարձյալ փոխհատուցվում էր բյուջեից, ինչն անթույլատրելի է», - ընդգծել է նախարարը: