«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էլէներգիայի թանկացման դեմ ընթացող նստացույցի շուրջ վերջին երեք օրերին իրադարձությունները բավականին բուռն զարգացան: Նախ՝ շաբաթ օրր նախագահական նստավայրը տարածեց Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և տնտեսական ոլորտի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ:

Ըստ այդմ, պարզվեց, որ իշխանությունները ժամանակավոր լուծում են գտել. «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունում միջազգային աուդիտ անցկացվի` պարզելու՝ արդյոք արդարացվա՞ծ է էլէներգիայի սակագնի թանկացումը: Մինչև աուդիտի ավարտը էլէներգիայի սակագինը չի բարձրանա, իսկ 6,93 դրամ տարբերությունն այդ ընթացքում կփոխհատուցի Հայաստանի Կառավարությունը:

Սերժ Սարգսյանի ելույթի հաջորդ օրը` կիրակի, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք փաստացի հանդես էին գալիս, որպես նստացույցի կազմակերպիչ և համակարգող, հայտարարեցին բողոքի ցույցը Ազատության հրապարակ տեղափոխելու մասին: Սակայն նրանց հետևից նստացույցի մի քանի հարյուր մասնակից գնաց, դրա համար էլ երեկ որոշվեց դադարեցնել փողոցային պայքարը: Նստացույցը մասնատվեց, բայց հիմնական մասը շարունակեց մնալ Բաղրամյան պողոտայում` արդեն առանց համակարգողների:

Կողմերը սկսեցին իրար դավաճան անվանել: և երեկ արդեն սկսեցին նշմարվել նոր «համակարգողները», որոնց 10 օր է՝ որևէ մեկը չի տեսել: Երեկոյան արդեն մասնակիցների թիվը՝ նախորդ օրերի համեմատ, էապես նվազել էր: Եթե այսպես շարունակվի, ապա նստացույցը մեկ-երկու օրից ավել այլևս չի տևի, և բռնություն գործադրելու անհրաժեշտություն էլ չի առաջանա: Իշխանությունը գործեց իր ոճով՝ բաժանեց ցուցարարներին և տիրեց իրավիճակին՝ կոտրելով պայքարի ողնաշարը»:

 Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: