«Քարֆուր»-ի Հայաստան գալու շուրջ առաջացած մեծ աղմուկին չհետևեց նույնքան բուռն զարգացումը: Այս բրենդի ՀՀ մուտքն ավելի «փառահեղ» էր, քան ծավալված հետագա գործունեությունը: «Երևան մոլ»-ում գտնվող հսկայական սուպերմարկետը գրեթե մշտապես դատարկ է:
Սովորական կենցաղում անհրաժեշտ առօրյա գնումներ կատարելու համար, մասնավորապես Հայաստանի նման ծանր սոցիալական պայմաններում գտնվող երկրում, հասարակ՝ ոչ օլիգարխ կամ մեծահարուստ քաղաքացին չի ուղևորվի «Երևան մոլ»՝ «Քարֆուրից» գնումներ կատարելու համար: Օրվա «հացն ու պանիրը» սովորական հայաստանցին կարող է ձեռք բերել նաև իր բնակավայրին մոտ գտնվող խանութից:
Հետևաբար, կարելի է արձանագրել, որ նման մեծ առևտրի կենտրոններում գործող սուպերմարկետներն արդյունավետ չեն: Վերջերս, շրջանառվում են խոսակցություններ, որ «Քարֆուր»-ը իսկապես չի արդարացնում իրեն Հայաստանում: Ենթադրվում էր, որ սուպերմարկետը պետք է լեցուն լիներ և բարգավաճեր, սակայն իրական պատկերն այլ է:
Որպես վերը նշվածը ապացուցող օրինակ՝ «Դալմա գարդեն մոլում» գտնվող «Գուրման» սուպերմարկետը: Այն ունեցավ թիթեռնիկի կյանք՝ կարճ և սահմանափակ: Դրա փոխարեն այժմ գործում է մեր «շատ սիրելի, հայրենական Երևան սիթին»: Ինչևէ, «Գուրմանը» փակվեց, քանի որ անարդյունավետ էր. արդյո՞ք նույն բախտը չի սպասվում նաև «Քարֆուրին»:
Սրա ևս մեկ պատճառ կարող է հանդիսանալ այն, որ ֆրանսիական «Քարֆուրն» իրականում այնքան էլ չի տարբերվում հայրենական «Երևան սիթից»: Դրանք գրեթե նույնն են: Այս երկու սուպերմարկետները նման են ոչ միայն գնային քաղաքականությամբ, այլև զեղչային համակարգերով: