Երեկ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19-ից ոչ այնքան ուշ մեկնարկեց Սիրուշոյի և «Դորիանս» խմբի համատեղ համերգը, որը  կրում էր «Միասին մեկ բեմում» խորագիրը:

Մինչ համերգի սկիզբը հյուրերը կարող էին տեսնել, ինչպես նաև ձեռք բերել իրենց դուր եկած նմուշները Սիրուշոյի զարդերի ՛՛Պռեգոմեշ՛՛ հավաքածուից:

Բուն համերգի բացումը կատարեց «Դորիանս» խումբը` մեներգիչ Գոռ Սուջյանի հետ միասին: Կիսալիքը-կիսադատարկ դահլիճը թնդաց Գոռի ելույթի առաջին նոտաներից: «Դորիանսը» հանդես եկավ նաև պրեմիերայով` կատարեցին ՛՛Եվրատեսիլ 2013՛՛ մրցույթին ներկայացվող «Lonely Planet» երգը:

Գոռը կատարեց նաև այն երգը, որը նախորդ տարի նախատեսվում էր «Եվրատեսիլի» շրջանակներում ներկայացնել Ադրբեջանում:

Հանդիսատեսի ոգևորությունն այնքան մեծ էր, իսկ ընդունելությունն այնքան ջերմ, որ երգչի հետ միասին կատարում էին գրեթե բոլոր նրա երգերը: Ոգևորությունն ավելի աճեց «Ես կուլամ» երգի ժամանակ. Գոռը երգելու «իրավունքը»  փոխանցել էր երկրպագուներին, իսկ վերջիններս միաձայն կատարում էին` «Ես կուլամ, առանց քեզ կուլամ...»:

Հանդիսատեսի երկրորդ «պայթյունը» տեղի ունեցավ այն ժամանակ, երբ կուլիսներից լսեցին իրենց սիրելի երգչուհու ձայնը, որն իրենց հիշեցնում էր նրա երգացանկի սիրված երգերից մի-մի կտոր: Այդ ժամանակ հանդիսատեսը միաբերան կանչում էր` «Սի-րու-շո, Սի-րու-շո...»:

Առաջին ՛՛բումը՛՛,  որը Սիրուշոն արեց բեմում, իր եվրատեսիլյան երգի` «Քելե, քելե»-ի կատարումն էր, որն ուղեկցվում էր գեղեցիկ բեմադրված պարով: Սիրուշոն հանդես եկավ և' պարային-ռիթմիկ, և' ժողովրդական և ժողովրդի կողմից սիրված երգերով:

 Ի դեպ, երգչուհու ելույթի ժամանակ  փոքրիկ տեխնիկական «անակնկալ» տեղի ունեցավ. բարձրախոսը սկսեց ոչ այնքան լավ աշխատել, իսկ Սիրուշոյի պրոֆեսիոնալիզմը նրան օգնեց հապճեպ կողմնորոշվել: Նա տեխնիկական անսարքության ժամանակ բարձրախոսն ուղղեց դեպի լսարանը` ակնկալելով նրանց ակտիվությունը, իսկ այդ ընթացքում երգչուհուն հասցրին նոր, արդեն անթերի բարձրախոս: Այս փոքրիկ «թյուրիմացությունը» չխանգարեց շոուն նոր շնչով շարունակելուն:

Համերգի վերջում, իրենց կարգախոսին համապատասխան, Սիրուշոն ու ՛՛Դորիանսը՛՛  երգեցին մեկ բեմում: Արտիստները կատարեցին պոպուրի` Սիրուշոն ռոքային էլեմենտներով համեմված ներկայացրեց ՛՛Դորիանսի՛՛ «Ես կուլամ»-ը, իսկ Գոռը երգեց «ՊռեԳոմեշը»: «Երկուսը մեկում» այս երգերի կատարումը հանդիսատեսն արդեն լսում էր հոտնկայս, և պատճառն ամենևին այն չէր, որ համերգն ավարտվում էր, իսկ մարդիկ տուն էին շտապում:

Համերգի վերջում թե' Սիրուշոն և թե' հանդիսատեսը հաջողություն մաղթեցին մեր երկրի ներկայացուցչին «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին` ցանկանալով միայն հաղթանակ: