Կառավարությունն իր որոշումով ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված բնակելի տարածքները հետ է վերցրել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած հանրակացարանում բնակվող քաղաքացիներին: Այսպիսով լուծում է ստացել 17 ընտանիքների շուրջ 26 անդամների բնակարանային խնդիրը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նրանց հետ կկնքվեն բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր:

ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման ռազմավարական ծրագրի «Միջոցառումների իրականացման ժամանակացույցը» շարադրվել է նոր խմբագրությամբ: Անդրադառնալով Երևանում, Գյումրիում, Վանաձորում և մյուս քաղաքներում գույքագրված բնակֆոնդի վիճակին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուշադրություն է հրավիրել բնակֆոնդի պահպանման վրա, նոր ընդունվելիք օրենքի հիմքում դնելով բնակֆոնդի պահպանման գործընթացը, ինչը հնարավորություն կտա կանխել շենքերի վթարայնության աճը:

ՀՀ կառավարությունը քննարկել է Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի հաշվին տրամադրված գյուղտեխնիկայի հետագա տնօրինման մասին որոշմամբ սահմանված ժամկետը երկարացնելու հարցը, որպեսզի վարձակալներին հնարավորություն տրվի լուծել տեխնիկայի հետագա տնօրինման խնդիրը: Վարչապետը հանձնարարել է հարցը քննարկել շահագրգիռ նախարարությունների հետ, առաջնահերթ համարելով ոչ թե գյուղտեխնիկայի աճուրդով տրամադրումը, այլ նվիրաբերումն այն գյուղացիներին, ովքեր շուրջ 15 տարի օգտագործում են այդ տեխնիկան:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկինում ընդունած մի շարք որոշումներում, կառավարությունը դրանք համապատասխանեցրել է «Ոստիկանությունում ծառայության մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքների պահանջներին: Մեկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին թույլատրել է ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով դրամաշնորհներ հատկացնել «Վահան» բարեգործական հիմնադրամին և «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը: