ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Շնորհավորելով պարոն Ուրրիոլաբեիտիային Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Գալուստ Սահակյանը հաջողություններ է մաղթել նրան: ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը, ինչը նպաստում է երկկողմ համագործակցության խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արգենտինայում հայ համայնքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած ջերմ վերաբերմունքը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում մեծ է եղել Արգենտինայի Հանրապետության ներդրումը: Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության պլատֆորմ, որի ձևավորման գործում նա կարևորել է բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչների մասնակցությունը:

Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իր գործունեությամբ կնպաստի երկու խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը, հայ-արգենտինական բարեկամական խմբերի սերտացմանը և փոխայցերի ակտիվացմանը: