Վերջին օրերի երևի թե ամենաանսովոր ու անսպասելի լուրն այն է, որ ռուսաստանցի մեծահարուստ Գերման Ստերլիգովը փակել է Մոսկվայի մարզում գտնվող իր տունը և ողջ ընտանիքով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Ասում են՝ միլիոնատեր, նույնիսկ միլիարդատեր: Հիմա արդեն շատ դժվար է պնդել՝ արդյոք այդքան փող ունի, բայց մի ժամանակ հաստատ ուներ: Մի երկու փաստ պարզապես ներկայացնեմ նրա կենսագրությունից: Բանակից հետո ընդունվեց Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց, ինչպես ասում են, յոլա չգնաց դասախոսների հետ ու ընդամենը մեկ տարի սովորելուց հետո դուրս եկավ:
Հետաքրքիր գործ ձեռնարկեց: Երկաթուղային կայարանները Մոսկվայում շատ են, սպասասրահներում էլ մարդկանց պակաս երբեք չի եղել: Պրոֆեսիոնալ երաժիշտներ էր բերում, մի կայարանում նվագում, գնում էին հաջորդ կայարանը, նրանց փոխարեն նոր երաժիշտներ էին գալիս: Մարդիկ էլ հաճույքով փող էին տալիս, որովհետև միևնույն է՝ պիտի ժամերով նստեին, իրենց գնացքին սպասեին, այդ ընթացքում մի քանի համերգ էին լսում: Դա 88 թվականն էր: Իրականում Գերման Ստերլիգովը հայտնի դարձավ դրանից մոտ երկու տարի անց, երբ ստեղծեց Ռուսաստանի առաջին ապրանքային բորսան: Այն ժամանակ ընդամենը 24 տարեկան էր:
Երբ տարիներ հետո լրագրողներից մեկը հարցրեց՝ «Բա ինչպե՞ս Սովետի օրոք նման միտք հղացաք», Ստերլիգովը պատասխանեց՝ «Պարզապես ամերիկյան մի կինոնկար էի դիտում Ուոլ Սթրիթի մասին ու մտածեցի՝ ինչու մեզ մոտ էլ բորսա չստեղծեմ»:
Բորսան հսկայական հաջողություն ունեցավ: Երեք շաբաթում Ստերլիգովը դարձավ միլիոնատեր, երեք տարուց արդեն մուլտիմիլիոնատեր էր և բազմաթիվ գրասենյակներ ուներ աշխարհի տարբեր ծայրերում: Ֆրանսիայում դղյակ գնեց, Նյու Յորքի ամենակենտրոնում՝ շքեղ բնակարան: Հետո, երբ Մոսկվայում ձևավորվեց էլիտար թաղամասը՝ հանրահայտ Ռուբլյովկան, այնտեղ էլ երկու տուն ձեռք բերեց:
Մի անգամ Ստերլիգովը խոստովանել է, որ հարստության մի մասն էլ դիզել է 1991 թվականի օգոստոսյան ՊՈՒՏՉ-ի ժամանակ: Հենց որ Մոսկվայում ուժայինները սևծովյան Ֆորոս կղզում մեկուսացրեցին Գորբաչովին և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը, Նյու Յուրքի բորսայում Սովետի պարտատոմսերը դարձան զրո: Ստերլիգովը եգիպտացի մի մեծահարուստի միջոցով միանգամից գնեց այդ արժեզրկված պարտատոմսերը, իսկ մի քանի օր անց, երբ հեղաշրջումն ավարտվեց ու ամեն ինչ կայունացավ, վաճառեց դրանք հարյուրապատիկ գնով:
Այսինքն՝ քաղաքական իրադարձությունները հարստացրեցին Ստերլիգովին, բայց քաղաքականությունը հետագայում նաև տարավ այդ փողերը: 2000-ականների սկզբներին Ստերլիգովը որոշեց մասնակցել ընտրություններին: Նախ, Սիբիրում ուզում էր դառնալ Կրասնոյարսկի նահանգապետ: Շատ փող ծախսեց, բայց ոչինչ չստացվեց: Հետո որոշեց Մոսկվայի քաղաքապետ դառնալ՝ էլի ահագին գումար ծախսեց, բայց հավաքեց ընդամենը երեքուկես տոկոս ձայն: Եվ վերջապես 2003 թվականին ուզում էր դառնալ Ռուսաստանի նախագահ: Թեկնածությունն առաջադրեց, բայց վերջին պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչ-որ թերություն գտավ փաստաթղթերից մեկում ու հրաժարվեց նրան գրանցել որպես նախագահության թեկնածու: Ստերլիգովը բողոքարկեց որոշումը, և Գերագույն դատարանը իրոք վճռեց, որ մերժումն անհիմն էր: Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնել էր, ընտրություններն ավարտվել էին:
Դրանից հետո Ստերլիգովը պարտքերը մարելու համար վաճառեց թե՛ ֆրանսիական դղյակը, թե՛ Ռուբլյովկայի տները և ընտանիքով տեղափոխվեց Մերձմոսկովյան Սլոբոդա ավանը, որտեղ սկսեց զբաղվել ոչխարաբուծությամբ: Գյուղական տուն կառուցեց, որտեղ նույնիսկ գազ չկա, և մինչև վերջերս ապրում էր ավանդական գյուղացիական կյանքով:
Թե ինչու է տեղափոխվել Ղարաբաղ՝ երևի միայն ինքը գիտի: Համենայնդեպս, ոչ նրա օգնականները, ոչ էլ փաստաբանը՝ մոսկվացի հայտնի իրավաբան Արթուր Հայրապետովը, ոչ մի կոնկրետ պատճառ չեն նշում: Փաստաբանը միայն ասում է, որ օրերս խոսել է Ստերլիգովի հետ, և նա պատմել է, թե ինչ հիասքանչ է Ղարաբաղի օդը, ինչ մաքուր է բնությունը, ինչ հրաշալի մարդիկ են: Հայրապետովը նաև հայտնել է, որ Ստերլիգովը Հայաստանում շատ հարգարժան մարդկանց հետ սերտ կապեր է պահպանում: Ում հետ՝ չի ասել:
Ղարաբաղ գնալն, ի դեպ, Ստերլիգովի միակ անսովոր գաղափարը չէ: Նա, օրինակ, համոզված է, որ հիմա իրականում ոչ թե 2015 թվականն է, այլ 2023-ը, որովհետև Հիսուս Քրիստոսը 8 տարով ավելի շուտ է ծնվել, քան բոլորի կողմից ընդունված է: Նաև ժամանակին այսպիսի գաղափար էր առաջ քաշել. Ռուսաստանի ասիական մասը՝ Ուրալից մինչև Սախալին, վաճառել օտարերկրյա պետություններին: Այսինքն՝ Ռուսաստանը պետք է մնա միայն եվրոպական մասում ու նաև միավորվի Ուկրաինայի և Բելառուսի հետ:
Բավական անսովոր մարդ է եկել Ղարաբաղ: Բոլոր դեպքերում՝ Արցախ տեղափոխվելու միտքը երևի կարելի է ողջունել:
Մանավանդ, որ ոմանք պնդում են, թե փող, այնամենայնիվ, նա հիմա էլ ունի։ Լրագրողներից մեկը մի անգամ այդ հարցը նրան տվել է՝ «Դուք հիմա հարո՞ւստ եք»: Ու Գերման Ստերլիգովը պատասխանել է՝ «Իհարկե, հարուստ եմ՝ հինգ երեխա ունեմ»:
Արմեն Դուլյան՝ ֆեյսբուք