«Այս 500-ից ավելի նմուշների համար գրվեց բացատրություններ, թե որը ինչ երգ է, ով է գրառել ու երգել։ Հետո, թեև դժվարությամբ, բայց ընտրեցինք երգիչների, որոնք պետք է կատարեին այս երգերը։ Մեր նպատակն էր՝ տղամարդու երգը երգի տղամարդ, ընդ որում միատարր, ինչպես եղել է հնում, կնոջ երգը՝ կին, մանկականը՝ երեխա։ Հոգևոր երգերն էլ՝ ընտրեցինք 5-րդ դարից մինչև 15-րդ դարի շարականներ, տաղեր, որոնք կարտացոլեն տարբեր հեղինակների։ Երգիչներին սովորեցրինք այս երգերը, որին զուգահեռ ձայնագրեցինք։ Հաջորդ փուլը եղել է նոտագրությունը, որն իրականացվեց համապատասխան ժամանակակից չափանիշներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր Արթուր Շահնազարյան։
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակում նոտագրվել և ձայնագրվել են բուն հայկական ինքնությունը բացահայտող ժողովրդական ավելի քան 500 երգեր, որոնց հիմնական մասը գրեթե հայտնի չէ հանրության լայն շերտերին։
Ծրագիրը ներկայացրեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար Մարինա Սուլթանյանը՝ շեշտադրելով, որ ծրագիրն ուղղված է հայկական ազգային արժեքների պահպանության և հոգևոր ժառանգության փրկությանը։
«Սա 1.5 տարվա աշխատանքի արդյունք է, որը ներկայացնում ենք հանրությանը։ Ընդհանրապես հիմնադրամը նպատակ ունի աջակցել արվեստի տարբեր ճյուղերին, առաջինը ընտրեցինք երաժշտությունը, որովհետև հենց երաժշտությունն է աշխարհում ապրող բոլոր հայերի արտահայտչամիջոցը։ Սա կարևոր աշխատանք է հազարավոր մարտահրավերների պայմաններում։ Ծրագրի շրջանակում ստեղծվեց հայկական երգերի մի շտեմարան՝ ժամանակից թվային տարբերակով»,- ասաց Մարինա Սուլթանյանը։
Նախագծի գլխավոր երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երբ խոսում ենք ազգի ինքնության մասին, ի հայտ են գալիս կարևորագույն բաղադրյալները, որոնք կազմում են այդ ինքնությունը՝ լեզուն, կրոնը և մշակույթը, որն այս ամենի զգալի մասն է։ Մենք հայ ենք և մեր երաժշտությունը հայկական է։
«Երբևէ փորձե՞լ եք փնտրել համացանցում «հայկական երաժշտություն» բառակապակցությունը։ Ես արել եմ և արդյունքը, ցավոք, այդքան էլ համոզիչ չէ՝ տեսնում ենք երաժշտություն, որը հայերեն է, բայց հայկական չէ։ Սա գլոբալ խնդիր է մի ազգի համար, որը մի կողմից ցանկանում է պահպանել իր մշակութային ժառանգությունը, փոխանցելով այն սերունդներին, մյուս կողմից՝ ցանկանում է ներկայանալ միջազգային հանրությանը իր մշակույթով։ Որպեսզի խնդիրը ինչ-որ չափով լուծենք, հասկացանք, որ պետք է սկսենք հսկայական մի ծրագիր»,-ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ աշխատանքները իրականացվել են մի քանի փուլերով՝ սկսելով գիտահետազոտականից։ Աշխատանքներում ընդգրկվել են Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական բաժնի մասնագետները։
«Հանդիպեցի կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանին, ով ստանձնեց գլխավոր երաժշտական խմբագրի պաշտոնը, ընտրեցինք կոմիտասյան չափանիշներով ամենացայտուն ու ամենաբուն հայկական երգերն ու նվագները, տաղերը, շարականները, որոնք բուն հայկական են։ Ամբողջ ժառանգությունը 1.5 տարիների ընթացքում զրոյից կատարեցինք, սովորեցրինք և ձայնագրեցինք, թվայնացրինք ու տեղադրեցինք վեբկայքում»,-ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր երգ ունի իր անձնագիրը, որտեղ նշված է թե որն է ակունքը, ով է կատարել, ինչի մասին է և այլն։ Յուրաքանչյուր երգ ունի նաև իր գեղանկարը, որն ստեղծել են պրոֆեսիոնալ նկարիչներ՝ երգը լսելուց նրա մասին տեղեկություններ իմանալուց հետո։
«Կոմիտասն իր հազարավոր երգերից 1903թ-ին ընտրեց հարյուր երգ՝ հայ ժողովրդին ու աշխարհին ներկայացնելու համար ու ասաց, որ սա է մեր տեսակը, բնույթը և այս հարյուրի մեջ երևում է ամեն ինչ, սակայն գումար չգտավ հրատարակելու։ Մինչ օրս լույս չէր տեսել այս գիրքը, որը ողջ Հայաստանի ժառանգության ադամանդն է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է երգերի շտեմարանի հեղինակային իրավունքին, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այն ժողովրդինն է, սակայն եթե որևէ մեկը կցանկանա օգտագործել դրանք ֆիլմում կամ որևէ այլ նախագծում, ապա պետք է թույլտվություն ստանա, այլապես մեծ տուգանքներ կվճարի։
Իսկ դրանք ավելի հանրամատչելի դարձնելու և այլ ժողովուրդների կողմից սեփականաշնորհելու փորձերը բացառելու համար, նախագծի հեղինակները այլ բան են մտածել։
«Մեր հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանը վերջին ժողովներում հանդես եկավ ևս մեկ մտահաղացմամբ։ Գեղեցիկ սարք է պատրաստվելու՝ գանձատուփ, որոնք հնարավորություն կտան հնչեցնել երգերը։ Դրանք կտեղադրվեն Մատենադարանում, թանգարաններում, Էջմիածնում, Հռոմի պապի նստավայրում և մի շարք այլ կարևոր կառույցներում։ Սա է լինելու այն բանի ապացույցը, որ այս երգերը պատկանում են մեզ»,-ասաց նա։