Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով, այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հյուրի հետ խոսել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին: ՀՀ նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում:
Նա համոզմունք է հայտնել, որ Դաշինքի հետ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է հանրային դիվանագիտության ոլորտը, որի շնորհիվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին:
Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձր մակարդակի շփումները և հաստատված քաղաքական երկխոսությունը ինչպես Դաշինքի, այնպես էլ անդամ-պետությունների հետ, որոնք դրական են անդրադառնում գործընկերային հարաբերությունների զարգացման վրա:
Դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը ՀՀ նախագահին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Դաշինքի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում Հայաստանի մասնակցության, միջազգային անվտանգության համակարգին Հայաստանի ներդրման համար՝ միաժամանակ ընդգծելով, որ հաջողությամբ է զարգանում Դաշինքի համագործակցությունը Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: