«Եթե երեք տարի առաջ ինձ ասեին, որ պետք է ելույթ ունենամ իբրև քաղաքական գործիչ և ներկայացնեմ հեղինակավոր քաղաքական կուսակցություն, ես՝ 30 տարվա ոստիկանս, երևի թե չէին հավատա»,- այսօր Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին գրում է 168.am-ը:
Նա պատմեց, որ դժվարությամբ է համաձայնել գլխավորել ցուցակը, քանի որ դա համարում է պատասխանատու աշխատանք: Նա նշեց, որ յուրաքանչյուր աշխատանք ունի իր դժվարությունը և պատմեց, թե երբ նոր էր
նշանակվել նախարար, շատ բաներ տեղում է սովորել: Արմեն Երիցյանը առանձնացրեց վերելակների, բարձրահարկ շենքերի խնդիրը: «Յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր անձնագիրը»,- նշեց ՕԵԿ-ի ցուցակը գլխավորող թեկնածուն: Նա պնդեց, որ շատ գործեր կան անելու և իրենք գիտեն, թե յուրաքանչյուր վարչական շրջանում կոնկրետ ինչ խնդիր կա:
Անդրադառնալով ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքին՝ Արմեն Երիցյանը, ինչպես իր կուսակից Հովհանես Շահինյանն էր նշել իր խոսքում, ասաց, թե գնահատում է Տարոն Մարգարյանի աշխատանքը, սակայն իրենք էլ ունեն իրենց դրույթները: «Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց, կարծում եմ ՝մենք կարող ենք ավելին անել»,- ասաց Արմեն Երիցյանը: