Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայ-ադրբեջանական սահմանի գրոհման հրահանգ է տվել, միջազգային դիվանագիտական հարթություններում պարտված Ադրբեջանը ձգտում է պատերազմական գործողություններով վրեժխնդիր լինել իր ստի ու կեղծիքի մերժման համար, իսկ ահա Հայաստանի դատարաններից մեկում մեկնարկել է մի դատաքննություն, որի մի կողմում հայտնվել են լրագրողներ, տպագիր լրատվամիջոց, մյուս կողմում՝ պաշտպանության նախարարի կինը:
Այս դեպքում խնդիրը սոսկ կենցաղային չէ, իսկ նախարարի տիկինն էլ պատահական չի հայտնվել թիրախի դերում՝ այժմ ձգտելով իրավական լուծումներ տալ տևական ժամանակ մամուլում հայտնված ստահոդ, իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող հրապարակումներին: Չխորանանք հրապարակումների բովանդակության մեջ, նաև չխոսենք այն լրատվամիջոցի մասին, որը հայտնվել է դատարանում: Անկախ այդ լրատվամիջոցի հատկապես մի քանի լրագրողի գործունեության նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից, ընդամենը պահպանենք գործընկերային հարգանքը և սպասենք դատարանի որոշմանը:
Բայց հազիվ թե գործընկերային համերաշխությունը խանգարի մեզ՝ քննարկման նյութ չդարձնելու այն իրավիճակը, որը ստեղծվել է: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարին բարոյական հարվածներ հասցնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն և բանակը կազմաքանդելուն միտված գործողություն: Ուրիշ ոչինչ: Գիտեմ, որ խիստ է ասված, որ գնահատականները վերջնական են, բայց այլ կերպ անհնար է մտածել: Մանավանդ այն դեպքում, երբ ոչ թե առկա ու հաստատված փաստերն են դառնում քննարկումների և հրապարակումների առարկա, այլ՝ ենթադրությունները, միտումը՝ ամեն կերպ հարվածել պաշտպանության նախարարին, նրա անձի նկատմամբ ձևավորել անվստահություն, հակառակորդին առիթ տալ՝ հրճվելու հայ հանրության մեջ շրջանառվող ստահոդ լուրերով, պաշտպանության նախարարի ընտանիքին վերագրվող ,,մութ պատմություններով,, և այլն:
Սկզբում հրապարակում եղավ ՊՆ Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, իբրև թե գերթանկարժեք մուշտակով Ծիծեռնակաբերդ այցելելու մասին: Եթե իսկապես սոցիալական արդարությունը խնդիր լիներ, եթե լրագրողի աչքին անհաճո լիներ նախարարի տիկնոջ մուշտակը, ապա կարելի էր ենթադրել, որ գործ ունենք լրագրողական մի վերաբերմունքի հետ, որին ինչ-որ կերպ կարելի էր համաձայնել: Բայց երբ նպատակային ու հետևողական դարձան հրապարակումները, երբ մուշտակից հետո նախարարի տիկինը մեղադրվեց մարդասպանության մեջ, ապա քննարկման նյութ դարձավ նրա դոկտորական ատենախոսությունը, ակնհայտվեց, որ կա պատվեր, կան շահագրգիռ ուժեր: Որտեղի՞ց են այդ ուժերը: Արդյո՞ք ոչ հարևան երկրից և կամ այն կառույցներից, որոնց անհանգստացնում է մեր բանակի հզորությունը, որոնք գիտեն, որ Ադրբեջանի ցանկացած գործողության դեպքում մեր բանակը հաղթանակ է արձանագրելու: Մենք սևեռվում ենք հատկապես այս մեկնաբանությանը, որովհետև բանակը կարելի է կազմաքանդել, բարոյական անկման տանել միայն նրա նախարարին հարվածներ հասցնելով: Դավաճանության անատոմիան ձևավորվում է հենց այս տրամաբանությամբ, այսկերպ:
Այլ մեկնաբանություններ չեն կարող լինել:
Եթե անգամ պատվիրատուն Ադրբեջանից չէ, ապա այն չի կարող շարքային հայաստանցի լինել, չի կարող ընդամենը սովորական բախտախնդիր լինել: Սա մեծ փողերի ու հստակ ,,տեսլականների,, վրա հենված նախաձեռնություն է, որը շարունակվում է նաև հիմա, երբ դատարանում ընթանում են լսումները: Նշանակում է, մեծ խաղ է սկսված: Անպայմանորեն խաղի ,,հեղինակը,, լավ է գիտակցում, որ ինքը պարտվել է, որ քամին տարել է իր ներդրած գումարները, բայց ամեն կերպ ցանկանում է մնալ ջրի երեսին ու այժմ էլ ազդել դատարանի վրա… Բայց արդյո՞ք կկարողանա ազդել, երբ հերքում պահանջող փաստերն այնքան զորավոր են…
Ոմանք այն թյուր տպավորությունն ունեն, թե բանակը միայն ու միայն մեր զինվորական ստորաբաժանումներն են և սպաներն ու գեներալները: Բանակն ինքը ժողովուրդն է, բանակը պետությունն է: Աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ, ում թանկ է Հայաստանը, մասնիկն է այս բանակի: Հետևաբար, Սեյրան Օհանյանին ուղղված ամեն մի քայլ քայլ է մեր ազգի, ժողովրդի ու պետության դեմ:
Պետք է լրջորեն մտածել այս մասին:
Նաև մտածել այն մասին, որ մեր բանակն իր գոյության պատմության մեջ մի նոր շրջափուլում է հայտնվել, կամավորական, կիսախմբապետական բանակից անցում ենք կատարում դեպի արհեստավարժ բանակը, դեպի հզոր զինվորական համախումբը: Շատ բան է փոխվել այս ընթացքում, բանակում տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ, ֆիդայականության սկզբունքներով առաջնորդվող ու երբեմն էլ կիսագրագետ հրամանատարներին փոխարինելու են եկել եվրոպական զինվորական ուսումնական հաստատություններում կրթություն ստացած երիտասարդ ու տաղանդավոր հրամանատարներ, աստիճանաբար բանակն ազատվում է բախտի բերմամբ գեներալական ուսադիրների տակ հայտնված մարդկանցից, հարստանում է նյութատեխնիկական բազան, ռազմագիտական նոր հիմունքներ են ներդրվում: Այս ամենի մեջ չափազանց մեծ է Սեյրան Օհանյանի դերը: Որովհետև մեր բանակն ունի ոչ թե վարչարար կառավարիչ, այլ շարքայինից մինչև գեներալ-գնդապետի աստիճանին հասած բանակ սիրող և զինվորի հոգին հասկացող նախարար: Գնահատենք մեր արժեքները…
Լևոն Մութաֆյան՝ ֆեյսբուք