Զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը որոշել է հատկացնել 4.000.0 հազար դրամ:
Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Մոլդովական, Շիրակի, Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանային մասնաշենքերում բնակվող 11 քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, իսկ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 հանրակացարանային մասնաշենքում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած 3 ընտանիքներին թույլատրել է սահմանված կարգով սեփականաշնորհել զբաղեցրած բնակելի տարածքները:
Մեկ ուրիշ որոշմամբ Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոցի 62 հասցեում գտնվող վարչական շենքը բնակելի շինության վերափոխելու ժամկետը երկարաձգել է մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը, շինարարական աշխատանքները չավարտելու պատճառով: Նշված շենքում բնակություն կհաստատեն 7 ընտանիքի 30 անդամներ:
Կառավարությունը հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշումով Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման հնարավորություն է ստեղծել, որով կբարձրանա տարածաշրջանի համայնքների անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը:
Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոնի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «ՓՄՁ ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի ժամկետը ավելացվել է 3 տարի ժամանակով:
Նշենք նաև, որ այսօր տեղի ունեցած նիստում Կառավարությունն անդրադարձ կատարեց նաև Նաիրիտ գործարանի աշխատակիցների բողոքին: