Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ կատարված փոփոխություններով գործադիրը շահառուների համար գումարների ստացման ընթացակարգը դարձրել է առավել պարզ, հստակ և արագ, փոխանցումների գործընթացը համադրելի դարձրել գործող բյուջետային ֆինանսավորման համակարգին: Միաժամանակ, շահառու խմբերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով նախատեսվում է որոշակի չափով բարձրացնել տրվող գումարների չափերը:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները 64 մլն 610 հազարի փոխարեն կկազմի 94 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին լրացուցիչ կհատկացվի 29 մլն 390 հազար դրամ:

Շահառուների համար գումարների ստացման գործընթացը պարզեցնելու և հստակեցնելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ծառայության ժամանակ զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցման և փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության կարգերը սահմանող որոշումներում:

Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը կանոնակարգող որոշումներում կատարված փոփոխություններով և լրացումներով ամբողջացվել են բանկերի կողմից սոցփաթեթի հաշիվների սպասարկման, հանգստի կազմակերպման համար նախատեսված գումարների տրամադրման երաշխիքի և այլ ընթացակարգեր: