Կրկին ետ է վերադարձել «թեյավճարի» «ավանդույթը»։
YerevanNews.am-ին դիմեցին դժգոհություններով, որ ոտնահարվում են սպառողի իրավունքները և Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերության Զեյթունի և Թբիլիսյան խճուղու գազալցակայաններում կրկին գործում են թեյավճարի հասկացողությունները։
Ամիսներ առաջ տարածվեց այն կարծրատիպը, որ տեսչության կողմից բոլոր գազալցակայաններում իրականացվել են ստուգումներ և բաշխիչ աշտարակներ չտեղադրված բոլոր տնտեսավարող սուբյեկտների շրջանում նշանակվել վարչական տուգանքներ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Իսկ ԱԳԼՃԿ-ներին թույլատրվեց աշխատել միայն բաշխիչ աշտարակ տեղադրելուց հետո:
Սա համարվում էր նախապայման, որ վերահսկողություն սկսվի, ինչպես անվտանգության համար, այնպես էլ « թեյավճար» հասկացողության վերացման։
Սակայն այժմ արդյունքներն այլ բան են փաստում։
Այս դեպքում ո՞րտեղ են վերահսկողները։ Ի՞նչ է մտածում այս կապակցությամբ Սպառողների ազգային ասոցիացիան, ո՞րտեղ են սպառողների իրավունքները... Ինչու են լռում պատասխանատուները՝ ոտնահարելով մարդու իրավունքները, ինչպես նաև թաքցնելով անօրինականությունը:
Հիշեցնենք, որ վերջերս անդրադարձել ենք գազալցակայանում տեղի ունեցող իրադարձություններին և թեյավճարի առկայությանը։