Ինչպես նախապես հայտնել ենք, հայկական կողմի հետ հրաձգության հետևանքով ադրբեջանական կողմը կորուստ ունի:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց:

ՊԲ առաջպահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում` ՊԲ-ն կորուստ չի ունեցել:

Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն մեկ զոհ և 8 վիրավոր:

Ադրբեջանական մամուլից տեղեկանում ենք, որ զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Ֆաթալիև Էլդար Սահավեթօղլուն:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: